Պատվաստողների դասընթացի մասնակիցների առաջին խումբը հավաստագրեր ստացավ

Փետրվարի 26-ին ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում տեղի ունեցավ «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրն ավարտած առաջին խմբին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Հավաստագրեր ստացան 10 մասնակիցներից 8-ը, որոնք հաղթահարել էին քննական շեմը: Առաջին խմբում ընդգրկված մասնակիցները ընտրվել էին Արարատի եւ Արագածոտնի մարզերից:

Ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությունն է: Տեսական եւ գործնական մասերից բաղկացած դասընթացը յուրացնելով՝ մասնակիցները կարող են իրականացնել գյուղատնտեսական կենդանիների իմունացում, ինչպես նաև զանգվածային ախտորոշման միջոցառումներ և արյունառության գործընթաց:

Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը ծրագիրը գնահատեց որպես համայնքներում անասնաբույժների պակասը լրացնելու լավ հնարավորություն եւ հույս հայտնեց, որ մասնակիցներից ոմանք հետագայում կընդունվեն Ագրարային համալսարան՝ անասնաբուժական կրթություն ստանալու նպատակով:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը այս նախաձեռնությունը կարեւոր համարեց կենդանիների հիվանդությունների եւ համաճարակների կանխարգելման խնդիրը լուծելու ունակ մասնագետների պատրաստման առումով:

Արմեն Խաչատրյանը, Գառնիկ Հովհաննիսյանը եւ Վարդան Ուռուտյանը մեկնարկած ծրագիրն ամրագրեցին «Կենդանիների վակցինատոր» մասնագիտության ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ եռակողմ հուշագրի ստորագրմամբ:

Ծրագրին մասնակցելու հետաքրքրությունը բավականին մեծ է: Երկրորդ խումբը Շիրակի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերից ընտրված մասնակիցներն էին: Այսօր մեկնարկել է արդեն երրորդ խմբի ուսուցումը:

ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուկտետի դասախոսներին, ինչպես միշտ, հաջողվում է ոչ մասնագետների շրջանում մասնագիտության հանդեպ հետաքրքրություն եւ, ի վերջո՝ անասնաբուժական ծառայությունը նոր գիտելիքներով ու նորովի ստանձնելու պատրաստակամություն առաջացնել:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից, փոխնախարար Գաբրիելյանը ռեկտոր Ուռուտյանի եւ Անասնաբուժականի դեկան Արեւիկ Աբովյանի օգնությամբ հաճույքով ծանոթացավ ՀԱԱՀ-ի Անասնաբուծության կրթագիտական գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքներին, կենդանիների՝ արդեն բերված կաղապարվածքներին: