Ձմեռային դպրոց․ դեպքերի ուսումնասիրությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ գործիք

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և անասնաբուժասանիտարական փորձագետ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ, ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը։ Բացի մեր համալսարանից, վերապատրաստմանը մասնակցեցին նաև դասախոսներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ղրղստանից։

Չնայած հեռավար ձևաչափին, դասընթավարները հանդիպումները կազմակերպեցին հնարավորինս ինտերակտիվ՝ տարատեսակ տեղեկատվական և համացանցային տեխնոլոգիաների օգտագործման, ակտիվ քննարկումների, ինքնուրույն աշխատանքների հանձնարարման միջոցներով։ Մասնակիցները ծանոթացան տարբեր կրթական հարթակներին, որոնց միջոցով հնարավոր է նույնիսկ հեռավար եղանակի դեպքում ակտիվ կապ ապահովել ուսանողների հետ, նրանց անմիջապես ներգրավել դասավանդման գործընթացում՝ ունկնդրից դարձնելով ուսումնառության ակտիվ մասնակից։ Այնպիսի հարթակներ, ինչպիսիք են quizizz.com-ը, nearpod.com-ը, menti.com-ը, ոչ միայն ուսանողներին ներգրավում են դասընթացում, այլև ինտերակտիվ ու հետաքրքիր են դարձնում ուսուցման գործընթացն ընդհանրապես։ Ընդ որում, դրանք կարող են կիրառվել դասերի ինչպես դեմառդեմ տարբերակի, այնպես էլ հեռավար եղանակի դեպքում։

Ամենակարևորը, որ քննարկվեց վերապատրաստման ընթացքում, դեպքերի ուսումնասիրման միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպումն էր։ Պետք է շեշտել, որ այս դեպքում ուսանողները ոչ միայն ծանոթանում են տվյալ ոլորտում առկա հիմնախնդիրներին, այլև քննարկումների միջոցով վերհանում են դրանց լուծման տարբերակներ, զարգացնում են որոշումներ կայացնելու, թիմային աշխատանքի, նյութի ներկայացման հմտություններ, որն այդքան պակասում է ուսանողների մեծամասնության շրջանում։

Մասնակիցները ներկայացրեցին նաև իրենց՝ ոլորտային դեպքերի ուսումնասիրման միջոցով դասերի կազմակերպման տարբերակները, որոնք ամփոփվեցին նրանց պատրաստած տեսանյութերում։ Ակտիվ քննարկումները, տեսակետների փոխանակումը, «սովորել սովորեցնելով» մոտեցումը այս արդյունավետ վերապատրաստման անբաժանելի մասն էին։

Նման վերապատրաստումը ևս մեկ անգամ փաստեց այն, որ անկախ դասախոսական փորձի երկարատևությունից, միշտ կան նորություններ, որոնց պետք է ծանոթանա կրթական համակարգի աշխատողը։