ՀԱԱՀ-ի եւ FAST հիմնադրամի համատեղ գործունեության եւս մեկ արդյունք․ փորձենք զարգացնել գիտությունը

Գալիք կիսամյակում ՀԱԱՀ-ում կյանքի կկոչվի եւս մեկ նորարարություն՝ կապված մագիստրոսական կրթության եւ հետազոտական աշխատանքների բարելավման հետ։ Որպես փորձնական ծրագիր համալսարանում նախատեսվում է ուսուցանել Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում մոդուլը։ Դրան սկզբնապես մասնակցելու են Սննդամթերքի անվտանգություն եւ Ագրոբիզնես եւ ֆինանսներ կրթական ծրագրերի մագիստրանտները։

Մոտավորապես 6 ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում մագիստրանտները կծանոթանան հետազոտություն կատարելու մեթոդաբանությանը, գրականության մշակման առանձնահատկություններին, հետազոտության արդյունքների ներկայացման եղանակներին եւ ձեւերին։ Բացի այդ, քննարկվելու են գիտության արդյունքների առեւտրայնացման՝ մեր համալսարանի հետազոտողների եւ գիտնականների համար կարեւոր հարցերը։

Դասընթացը մշակվում է եւ անցկացվելու է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամի կողմից՝ Բրիտանական խորհրդից ֆինանսավորվող Creative Spark ծրագրի շրջանակում։ Ծրագրի գործընկեր համալսարանը Միացյալ Թագավորության Ասթոնի համալսարանն է։ Դասավանդվող մոդուլն իր բավանդակությամբ եւ մեթոդաբանությամբ նման է լինելու այդ համալսարանի կրթական ծրագրին։

ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը տեղեկացնում է, որ բացի մագիստրանտներից, դասընթացին մասնակցելու են նաեւ ՀԱԱՀ-ի 6 գիտնական-հետազոտողներ։ Նպատակը թիմի ստեղծումն է, որը հետագայում ծրագրի արդյունքները կտարածի համալսարանականների լայն շրջանակներում։ Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակցիները կստանան FAST հիմնադրամի եւ Ասթոնի համալսարանի հավաստագրեր։

«Ծրագրի հաջող ավարտից հետո այն հավանաբար կդառնա մեր համալսարանի մագիստրոսական կրթության անբաժանելի մասը։ Սա շատ կարեւոր է, քանի որ ներկայումս ՀԱԱՀ-ի մագիստրոսական կրթության մակարդակում գիտության հետազոտման մեթոդաբանություն առարկան/մոդուլը տարբեր մասնագիտություններում եւ ֆակուլտետներում խիստ տարբեր մոտեցումներով է դասավանդվում, իսկ որոշ տեղերում այն անգամ բացակայում է։ Մինչդեռ անքննելի է, որ այս մակարդակում հետազոտական բաղադրիչի առկայությունը պարտադիր է», – ասում է պարոն Համբարձումյանը։

Բացի վերոնշյալից, FAST հիմնադրամի եւ ՀԱԱՀ-ի գործակցության շրջանակում նաեւ ՀԱԱՀ-ի շուրջ 46 աշխատակիցներ եւ ուսանողներ անվճար հիմունքներով կմասնակցեն Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպվող անգլերենի տարբեր մակարդակների առցանց դասընթացներին, որոնց հաջող ավարտից հետո նրանք կստանան հավաստագիր։

Եվս մեկ անգամ արձանագրենք, որ մեր համալսարանի միջազգային համագործակցության հնարավորությունները խիստ բազմազան են թե քանակով եւ թե բովանդակությամբ։ Մնում է, որ մեր ուսանողներն ու աշխատակիցները առավելագույնս ակտիվ լինեն ու պատրաստակամությամբ մասնակցեն նման դասընթացներին․ սա նաեւ Միջազգային կապերի դեպարտամենտի ակնկալիքն է։