Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները

Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին նաև գինեգործական ընկերությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված հարթակ՝ հույս հայտնելով, որ կառույցի համախմբված, ստեղծագործ թիմի շնորհիվ հաջողություններն ու ձեռքբերումները ոլորտում կլինեն շարունակական։ Նա նաև հավելել է, որ մշակվում է զարգացման ռազմավարություն, որի ներքո հստակ գործողությունների պլան է դրվելու խաղողագործության, գինեգործության և կոնյակագործության զարգացման համար։
Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում հիմնադրամի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը` խաղողագործական շրջաններում խաղողի տնկարկների քարտեզագրման հայեցակարգի մշակում, խաղողի ֆիլոքսերակայուն տնկարանի հիմնում, աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրում, կոլեկցիոն այգիներում հավաքագրված խաղողի սորտերի պահպանում և այլն, ինչպես նաև անդրադարձել է գինեգործության ոլորտի զարգացման դինամիկային: Նրա խոսքով՝ չնայած այս տարի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ունեցել ենք արտադրության որոշակի անկում, սակայն իրականացված ծրագրերի արդյունքում տարվա 6 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ 30 տոկոս արտահանման աճ է արձանագրվել։ Շոշափելի աճ է նկատվում նաև գինու ներքին սպառման շուկայում: Այսպես, եթե նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմում էր 1,2 լիտր մեկ անձի հաշվով, ապա 2018 թվականին այն հասել է մեկ անձի հաշվով 2,6 լիտրի:
Գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներին, որի արդյունքում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել օտարերկրյա գործընկերների հետ։ Հայկական գինիներն արդեն ներկայացված են ավելի քան 30 երկրներում, իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը և Ֆրանսիան:
«Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սերտ աշխատում է մեր արտադրողների հետ, յուրաքանչյուր ծրագիր, որ մենք ներկայացնում ենք կառավարությանը, նախապես համաձայնեցնում ենք արտադրողների հետ», – հավելել է Զարուհի Մուրադյանը:
«Վան Արդի» ընկերության ներկայացուցիչ Վարուժան Մուրադյանը լավատեսորեն է տրամադրված, տարին որակի առումով բավական հաջող էր։ «Այս տարի արտադրանքի և արտահանման ծավալները շուրջ 35-40 տոկոսով աճել են. մենք զգում ենք, որ գինի սպառող երկրները նոր քիմքերի կարիք ունեն, և մենք ունենք այն գինիները, որ կարող ենք իրենց հրամցնել և շուկա վերցնել»,- հավելել է նա։ Վարուժան Մուրադյանի խոսքով՝ հիմնադրամն այն շարժիչ ուժն է, որը նրանց առաջ է մղում, առանց որի օգնության իրենք շատ հարցերում չեն կարող հաջողության հասնել։
«Ոսկեհատ վինյարդս» ընկերության հիմնադիր Գարուշ Սամվելյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում գինեգործությունը վերածնունդ է ապրում, իսկ ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ է խաղողագործությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, ավելացնել խաղողի ցանքատարածությունները և ապահովել խաղողագործական շրջանների համաչափ զարգացումը:

Աղբյուրը՝   ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջ