Գյուղատնտեսությունը ցանկացած երկրի անվտանգության բաղադրիչն է

Եւ, թերեւս, կարեւորագույն բաղադրիչը:

Դեկտեմբերի 24-ին հյուրընկալել էինք Արցախի հանրապետության նախկին վարչապետ (2007-17 թթ.), Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին: Բանախոսության թեման էր «Հայաստանի եւ Արցախի պարենային անվտանգությունը. արդյունքները եւ հեռանկարները»:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացնելով հյուրին նկատեց, թե դեռեւս դեկտեմբերի 6-ին Շուշիում հնարավորություն է ունեցել լսելու պարոն Հարությունյանի հետաքրքիր դասախոսությունը, որի ընթացքում արձանագրվել է, թե Արցախի Հանրապետությունում առաջիկա տասը տարվա ընթացքում կարող են նվազեցվել ջերմոցային գազերի արտանետումները: Իսկ այս խնդիրը հրատապ է աշխարհում եւ այդ մասին արձանագրել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Բանախոսը հենց սկզբից նշեց. որեւէ երկիր մարտահարվերներ ունի: Հայաստանի եւ Արցախի համար առաջնահերթություն են էներգակիրները եւ պարենային խնդիրները: Նա թվերով շատ հակիրճ ներկայացրեց Արցախի տնտեսության գլխավոր ցուցանիշները: Ի բացառյալ կարտոֆիլի մշակությունից մնացած բոլոր ճյուղերը էական աճ են գրանցել: Սակայն պարենային ինքնաբավության ռազմավարական հարցերը շարունակում են արդիական մնալ:

Պարոն Հարությունյանի կարծիքով, առաջադեմ եւ սովորական եղանակներով աշխատող տնտեսություններին իրարից բաժանում է ընդամենը… 200 տարի: Մինչդեռ, սեփական փորձով է համոզվել՝ նռան այգում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու շնորհիվ հնգապատկվել է բերքն ու որակը լավարկվել: Եւ ջուրն է խնայվում եւ արդյունավետությունն է բարձրանում:

Արայիկ Հարությունյանը ունի գյուղատնտեսության արդյունքերը բարելավելու իր բանաձեւը, քայլերը. ֆերմերների վերապատրաստում երկրում, ինչպես նաեւ արտասահմանում, եւ նոր տեխնոլոգիաների կիրառում, սննդամթերքի անվտանգության խիստ չափորոշիչների սահմանում:

Վերջում, լսարանի աշխույժ մասնակցությամբ քննարկվեցին կոոպերատիվների, օրգանական գյուղատնտեսության, սուբսիդավորման, ագրարային ոլորտում էլեկտրատրական սնուցմամբ աշխատող մեքենաների կիրառության եւ այլ հիմնահարցեր: