Բաց դաս` բաց երկնքի տակ

akunq gis

Հայտնի ճշմարտություն է. լսարանում հողաշինարար, հողային կադաստրի մասնագետ չես պատրաստի, որքան էլ ամուր հիմքերի վրա դրվեն տեսական գիտելիքները: Համալսարանի «Հողաշինարարության եւ հողային կադաստրի» ամբիոնի համար դասերի կազմակերպումը բնության գրկում դառնում է գործնական հմտություններ սերմանելու հիմնական ձեւերից մեկը: Այդ նպատակի համար լավագույն հիմք են հանդիսանում համալսարանի՝ տարբեր մարզերում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունները, որոնց արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ տարածքների մանրակրկիտ, թարմ, հավաստի տեղագրական եւ հողաշինարարական հատակագծերը:
Դա էր պատճառը, որ վերջերս «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իր վարձակալական իրավունքը համալսարանին նվիրաբերված Կոտայքի մարզի Ակունք համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ամբիոնի վարիչ Դավիթ Սողոմոնյանի գլխավորությամբ ուսանողները կատարեցին տեղագրական հանույթ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Նույն տեղամասում դեկտեմբերի 10-ին պրֆեսոր Պարույր Էֆենդյանը բաց դաս կազմակերպեց համալսարանի եւ քոլեջի հողաշինարար ուսանողների համար: Թեման նվիրված էր հանութագրման նպատակների համար ժամանակակից տեխնոլոգիաներով գեոդեզիական ցանցերի ստեղծմանը: Ունենալով Հայաստանի Հանրապետության Ազգային գեոդեզիական ցանց, մշտական գործող ռեֆերենց կայանների, գլոբալ տեղորոշման համակարգերի (GPS) եւ այլ գերժամանակակից գեոդեզիական մեթոդների վերաբերյալ լսարանում ձեռք բերած գիտելիքներ, ուսանողները տեղում GPS ռովեր ընդունիչի միջոցով կատարեցին ոչ միայն տեղանքի հանութագրում, այլ նաեւ հակառակ գործընթացը` նախագծի տեղափոխումը բնության մեջ: Համեմատվեցին ավանդական եւ ավտոմատացված եղանակները: Այս ամենը շատ տպավորիչ էր ուսանողների համար: