Ագրոնոմիականի դասախոսներն աշխատում են Ակունքի տնտեսությունում

Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող ՀԱԱՀ Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսությունում, որը Շեն բարեգործական կազմակերպության նվերն է  համալսարանին, գարունը «թեժ» է՝ չնայած արտակարգ դրությանը։ «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» BOAA նախագծի շրջանակում ձեռք բերված մորենու եւ անփուշ մոշի տնկիների տնկման աշխատանքները տնտեսությունում իրականացրել են ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսները՝ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ։ Աշխատանքներն իրականացվում են՝ պահպանելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոնները։

ՀԱԱՀ-ի եւ ICARE հիմնադրամի համատեղ նախագծի համադրող Աստղիկ Սահակյանի փոխանցմամբ, բացի տնկման աշխատանքներից, մեր ագրոնոմներն Ակունքի տնտեսությունում իրականացրել են նաեւ պտղատու ծառերի էտ և արագաճ բարդու կտրոնների տունկ, որոնց օգնությամբ հետագայում կհիմնվեն դաշտապաշտպան շերտեր՝ տնտեսության եզրային սահմանագծով։

Ակունքի ուսումնափորձնական տնտեսությունում առաջիկայում ագրոնոմիական աշխատանքների պակաս չի լինելու, հավաստիացնում է Աստղիկը, հավելելով, որ դրանց կմասնակցեն համալսարանի ուսանողներն՝ իրենց դասախոսների անմիջական աջակցությամբ։