Սիրելի ուսանողներ, գործընկերներ, բարեկամներ։ Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին։
Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության համար այս օրը կարեւորագույն եւ առավել խորհրդաշատ տոներից մեկն է, որ վերջին 31 տարվա ընթացքում դիմավորել ու նշել ենք տարբեր տրամադրությամբ՝ համազգային ուրախության եւ, ցավոք, համազգային լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Այս տարի մեր երկրի Անկախության օրը դիմավորում ենք, երբ դեռ չափազանց թարմ է եռօրյա վերջին պատերազմում զոհված մեր նորօրյա հերոսների կորստի ցավը։ Իմ խոնարհումը նրանց, որ իրենց կյանքի գնով կանգնեցրին ու լռեցրին թշնամուն, փակեցին չարիքի ճանապարհը եւ միջազգային հանրության աննախադեպ սեւեռուն ուշադրությունը գրավեցին մեր երկրի ու տարածաշրջանի վրա։ Աշխարհը փոխվում է ժամ առ ժամ, եւ մեր բանակն ու ժողովուրդը այդ փոփոխությունների ոչ միայն կրողներից, այլեւ կերտողներից են․ քաղաքակիրթ աշխարհն այսօր Հայաստանը դիտարկում է որպես «կարեւոր ճակատ ժողովրդավարության եւ անձնիշխանության միջեւ պայքարում»։
Ագրարային համալսարանում, ահա, մենք լավ ենք գիտակցում այդ կարեւոր ճակատի կարեւոր մաս լինելու մեր դերակատարությունը։ Անկախ Հայաստան ասելով մենք հասկանում ենք խաղաղ, անվտանգ, զարգացող ու հզոր Հայաստան։ Այսպիսի Հայաստանն այլընտրանք չունի։ Այսպիսի Հայաստան կերտելու համար ամեն բացվող նոր օրը կրթության, գիտության ու երկրի ապագայի շենքին մի նոր քար ավելացնելու օր պետք է լինի՝ ինչպես ինքներս մեզ ու հանրությանը բազմիցս ապացուցել ենք։ Միայն այսպես մեր ժողովրդի համար արժանի տեղ ու դեր կապահովենք քաղաքակիրթ, ազատ աշխարհում։
Մաղթում եմ, որ զինվորի մտածելակերպով ու նվիրվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով կատարենք մեր աշխատանքը, մշտապես ընդլայնենք ու նոր հորիզոններ ու տարածքներ գրավենք գիտության ու տեխնոլոգիաների աշխարհում, որոնցից անմիջականորեն կախված է Հայաստանի գյուղատնտեսությունը, որի զարգացմանն ենք զինվորագրվել մենք բոլորս։
Աստված օրհնի Հայաստանը, մեր անկախությունը, Հայոց ազգային բանակը եւ ժողովրդավարությունը։