Ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Պարոն Ուռուտյանը մասնակցել է Կիրառական եւ գյուղատնտեսական տնտեսագիտության ընկերակցության տարեկան խորհրդաժողովին (AAEA 2022), որը կայացավ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը, Կալիֆորնիայի նահանգի Անհայմ քաղաքում։ Նա համատեղ զեկույց է ներկայացրել Վայոմինգի համալսարանի Գյուղատնտեսական կիրառական տնտեսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր, ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի նախկին դասախոս Վարդգես Հովհաննիսյանի եւ ՀԱԱՀ շրջանավարտ, Վայոմինգի համալսարանի մագիստրանտ Արմեն Խաչատրյանի հետ։
Նշված ընկերակցությունը եւ դրա ամենամյա խորհրդաժողովը համարվում են ագրոտնտեսագիտության ոլորտի ամենապրոֆեսիոնալ եւ հեղինակավոր միջազգային հարթակներից մեկը ոլորտի մասնագետների, պատասխանատուների, գիտնականների, ինչպես նաեւ երիտասարդ տաղանդների համար։
ԱՄՆ այցի շրջանակում ռեկտոր Ուռուտյանը պատեհ առիթ ունեցավ հանդիպելու ՀԱԱՀ-ի մի շարք շրջանավարտների հետ, որոնք կայացած դասախոսներ են այդ երկրի առաջատար համալսարաններում՝ Գնել Գաբրիելյան (Օբորնի համալսարան), Հայկ Խաչատրյան (Ֆլորիդայի համալսարան), Վահե Հեբոյան (Օգաստայի համալսարան), ինչպես նաեւ Մագդա Կոնդարիձե (Վաշինգտոնի նահանգային համալսարանի ասպիրանտ)։ Գործընկերների եւ բարեկամների հաճելի եւ օգտակար վերամիավորմանը մասնակցեց նաեւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտ․ Դեն Դանը, ինչպես նաեւ բազմաթիվ գործընկերներ ամերիկյան տասնյակ այլ համալսարաններից։
Հեռանկարային գործընկերություն է մեկնարկում Վայոմինգի համալսարանի հետ․ դոկտ․ Վարդգես Հովհաննիսյանի գլխավորությամբ հետազոտական համատեղ ծրագրեր կիրականացվեն գյուղատնտեսական տնտեսագիտության տարբեր ուղղություններով։
Ռեկտոր Ուռուտյանի այցի հաջորդ նշանակետը Ֆրեզնո քաղաքն է, որտեղ ռեկտորը հանդիպումներ կունենա գործընկեր Ֆրեզնոյի նահանգային համալսարանում եւ, անշուշտ, տեղի հայ համայնքում։