Ուսումնական գործընթաց. Գինին արվեստ է՝ բանաստեղծություն, մեղեդի, փիլիսոփայություն…

Անասնաբուժական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Սիրանուշ Ալթունյանը պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ուսանողների հետ գործնական պարապմունքը EVN գինու ակադեմիայում վեր էր ածել մի կատարյալ գինեձոնի, բոլոր մանրուքների բծախնդիր ընտրությամբ-մատուցմամբ:

Ալթունյան ապրանքանիշի գինու համտես էր: Իսկ համտեսն ընդհանրապես, գինունը մասնավորապես, գեղեցիկ արարողակարգ է՝ արվեստ, շաղախված ստեղծագործ արարումի, անկրկնելի ակնթարթի ու հավերժականի մասին փիլիսոփայական խոհերով:

Սկզբում դասախոսը տեսական մասից հարցեր էր տալիս. «Հիշում եք, չէ՞, փունջը որն է»: «Ուշադիր եղեք, հետհամի զգացողությունն ինչպիսի՞ն է»:

Բաժակներն էլ հատկապես սպիտակ գինու համար էին ընտրված (կարմիր գինու գավաթը մեծ նստուկով պետք է լինի): «Սպիտակ գինու համտեսը ավելի սառը միջավայր է ենթադրում»,- ասում է տիկին Ալթունյանն ու տեղացող անձրեւի ձայնը գալիս է ապացուցելու, որ եղանակն էլ համահունչ է տրամադրությանը: Գինու փոքրածավալ արտադրություն կազմակերպելուց առաջ Ալթունյան ընտանիքը ուսումնասիրել էր շուկան, հայ սպառողի նախասիրություններն ու գերապատվությունները:

Դասախոսը գինու համտեսը ուղեկցող ուտեստներ էր պատրաստել, սեփական ձեռքերով իտալական անուշեղեն էր թխել: Եւրոպայում հատկապես այդպես են վայելում սպիտակ գինին: Մի խոսքով, ամբիոնի վարիչ-դասախոսը գեղեցիկ տոն էր նախապատրաստել ուսանողների համար, որոնք ակնհայտորեն չէին շտապում հեռանալ EVN-ի համտեսի սրահից, թեեւ դաս ունեին՝ 5-րդ մասնաշենքում:

Այս դասը բացառիկ էր նաեւ այն առումով, որ ուսանողներն էին 20 բալով գնահատում դասախոսի ստեղծագործությունը: Շատ խստապահանջ եւ անաչառ: «Գնահատելիս հիշեք, որ ընդունված չէ առավելագույն բալ տալը, էդպես չի լինում»,- նախազգուշացնում է դասախոսը:

Մի խոսքով, ահել-ջահելով հաճույքով ըմպեցին-վայելեցին գինին, սովորեցին շատ կարեւոր՝ փոքրիկ թվացող, բայց էական նրբություններ: Նրբերանգներ, որոնք ավելի գեղեցիկ են դարձնում կյանքը: