Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մանաճյուղը մասնակցել է օգոստոսի 18-ին Գորիս քաղաքում կայացած աշխատանքի տոնավաճառին, որի նպատակն էր համագործակցության հարթակ ստեղծել գյուղատնտեսական ոլորտի գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ:
Տոնավաճառը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախաձեռնությամբ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում՝ Գորիսի համայնքապետարանի եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի հետ համատեղ։
Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են Սյունիքի մարզի ավելի քան 20 մասնավոր ընկերություններ, որոնք, թափուր աշխատատեղերից բացի, ներկայացրել են իրենց արտադրանքը, հյուրասիրել տոնավաճառի մասնակիցներին։
Գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող տոնավաճառում ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը մասնակցեց իբրեւ ծրագրի գործընկեր՝ ներկայանալով թե տեղեկատվական եւ թե ագրարային մասնագիտություններին վերաբերող գործնական գործողությունների տաղավարներով։
Մասնաճյուղի ուսանողները մասնակցեցին նաեւ «Կարիերայի պլանավորում եւ անհրաժեշտ հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին։
Աշխատանքի տոնավաճառն ուղեկցվեց մշակութային միջոցառումներով։
- 21/08/2023
- 2023