Գիտության նշաձողը բարձրանում է՝ մշակույթին զուգահեռ․ ՀՀ գիտության կոմիտեի ղեկավարները ՀԱԱՀ-ում էին

Ճանաչողական այցով մարտի 22-ին Ագրարային համալսարանում էին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղակալ Արթուր Մովսիսյանը եւ քարտուղար Լեւոն Ֆարմանյանը։ Ընդունելով հյուրերին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը նախ ծանոթացրեցին վերջին երեք տարիների ընթացքում համալսարանում շարք մտած, նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին եւ նորարարական այլ ենթակառույցներին։ Դրանք լիարժեք կերպով ծառայում են ոչ միայն կիրառական, այլեւ հիմնարար գիտության արդյունքներ ստեղծելու, ուսանողների համար գիտությունը գրավիչ ոլորտ դարձնելու նպատակին։

Հյուրերը տպավորված էին տեսածից ու լսածից, եւ չթաքցրեցին իրենց հիացմունքը։ Իրենց հերթին, Գիտության կոմիտեի երիտասարդ ղեկավարները համալսարանի գիտնականների վրա շատ դրական տպավորություն թողեցին՝ երկրում գիտության զարգացման իրենց տեսլականով, պատկերացումներով եւ մոտեցումներով։ Պարզ դարձավ, որ գիտության ֆինանսավորման տասնամյակների հիմնախնդրի լուծման աննախադեպ եւ անժխտելիորեն արդյունավետ լուծումն իր տրամաբանական վերջաբանին հասցնելու համար կոմիտեն այժմ գործուն սկզբունքներ ու մեխանիզմներ է մշակում։ Դրանք մոտ ապագայում հնարավորություն կտան առավելագույն ճկունություն եւ օբյեկտիվություն դրսեւորել՝ գիտնականների համար ընդլայնված հնարավորությունները պարտավորությունների հետ զուգակցելով՝ լավագույն գիտական արդյունք ստանալու համար։

Շրջայցից հետո Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում ռեկտոր Ուռուտյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի՝ ագրարայինից ագրոտեխոնոլոգիական գերազանցության կենտրոն փոխակերպման ճանապարհին իրականացվող բարեփոխումները, անշուշտ՝ մասնավոր շեշտադրություն անելով գիտական գործունեության վրա։ Նաեւ համալսարանի՝ հանդիպմանը ներկա գիտնականները անդրադարձան պետության կողմից գիտության ֆինանսավորման էական ավելացմանը՝ որպես Ագրարային համալսարանի գիտնականների աշխատանքը խրախուսող ոգեւորիչ փաստի։ Հաշվի առնելով նաեւ այլ աղբյուրներից, մասնավորապես միջազգային կառույցներից ներգրավվող միջոցները՝ Ագրարայինում գիտությունը բավականին գրավիչ զբաղմունք է դարձել։

«Այժմ մեր պատասխան քայլի ժամանակն է։ Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում համաշխարհային զարգացումների միտումները մեզ հարկադրում են մեր երկրում այդ ոլորտի թռիչքային տեխնոլոգիական զարգացում ապահովել»,- ասաց ռեկտորը։

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկաներին խրախուսեց գիտական հոդվածներ հրապարակել ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում։ «Դա մի կողմից ցույց է տալիս տվյալ երկրի գիտության պատկերը, մյուս կողմից ներդրումներ բերում երկիր։ Այդ հրապարակումները ցույց կտան, որ միջազգային ասպարեզում մրցունակ գիտնականներ ու դասախոսներ ունենք»,- նշեց պարոն Հայոցյանը։ Նրա խոսքով, «մարդկանց եւ կազմակերպությունների» գնահատման համակարգում եւ ատեստավորման խստացվող կարգում այդպիսի հոդվածների առկայությունը շատ կարեւոր ցուցանիշ է համարվելու։

Գիտական գործունեության նշաձողը բարձրանում է, նշեց գիտության կոմիտեի նախագահը եւ հստակեցրեց՝ ոչ թե ֆինանսավորման պարզունակ մեծացմամբ, այլ առաջին հերթին՝ աշխատանքի մշակույթի փոփոխությամբ։