Ավարտաճառերի պաշտպանություն․ համադամասերների համար իսկական տոն էր, սակայն… տեսական, ոչ թանձրացական

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական ծրագրի հեռակա համակարգի սովորողները:

Թեմաները՝ մեկը մեկից հետաքրքիր ու տարբեր. պաքսիմատի, կաղապարային հացի, ձեւավոր մակարոնեղենի, բարակ լավաշի ու բուլկեղենի արտադրություն: Գաուդա պանրի, թթու կաթնամթերքի արտադրությունների հիմնում, հապալասի եւ գետնամորու պահածոյացում…

Բոլոր աշխատանքներն ուղեկցվում էին սահիկների եւ տպագիր ցուցադրական նյութերի ուղեկցությամբ: Ընդ սմին, պաստառները տեղադրելիս տղաները ասպետաբար, պատրաստակամորեն աջակցում էին աղջիկներին ու դա չափազանց ակնահաճո տեսարան էր:

Ուսանողների ծանրակշիռ մասը ուսումնառությունը հաջողությամբ համատեղում է մասնագիտությամբ աշխատանքի հետ, որի շնորհիվ շատ հիմնավոր կերպով կարողանում են ներկայացնել արտադրության տեխնոլոգիաների ողջ ընթացքն ու համի, որակի հետ կապված բոլոր նրբությունները:

Հանձնաժողովի նախագահը՝ «Ավելիաց» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Արեն Զարգարյանը աշխատանքային փուլի ավարտին ամփոփեց.

– Լավ աշխատանքներ շատ կային: Երիտասարդներից մի քանիսը հրաշալի պատկերացնում են եւ քիմիան եւ ճարտարագիտությունը: