Առարկայական սպառնալիքները հարկադրում են առավել պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային

Առաջին բուժօգնության թեմայով ոչ ֆորմալ դասախոսությունների շարքը քոլեջում շարունակվում է։ Սա մի նախաձեռնություն է, որի կարեւորությունն անժխտելի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմի սպառնալիքը։ Բացի այդ, բնական եւ տեխնածին աղետների վտանգը եւս մշտապես առկա է։ Այս հանգամանքները պարտադրում են ուսանողությանը եւ դասախոսական կազմին առավել խորությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային։ Ցավոք, վերջին պատերազմը ցույց տվեց, որ մեր զինծառայողների մի զգալի մասը զոհվել է ոչ ժամանակին կամ ոչ ճիշտ բուժօգնություն ստանալու հետեւանքով։ Այս իրողությունը առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքների ու գործնական հմտությունների խորացված ուսուցման անհրաժեշտությունը վեր է հանում՝ ոչ միայն մասնագիտական առարկաների շրջանակներում, այլեւ որպես կենսական հմտություն՝ յուրաքանչյուր քաղաքացու համար։ «Անվտանգություն եւ առաջին օգնություն» առարկան բոլոր մասնագիտությունների ուսումնական ծրագրերում պարտադիր է, սակայն դրա արդյունավետությունը առավելապես բարձրանում է այն ժամանակ, երբ ուսուցումը դուրս է գալիս տեսականի սահմաններից եւ ամրապնդվում գործնական պարապմունքներով՝ փորձառու մասնագետների մասնակցությամբ․ սա Մեքենասարքավորումների ճարտարագիտության եւ տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ Լիանա Խաչատրյանի կարծիքն է։ Այդպիսի մասնագետներից է աղետների բժշկագիտության փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը, որին էլ տիկին Խաչատրյանը հրավիրել էր շատ կարեւոր ու իրավիճակ փոխող գործնական պարապմունք անցկացնելու Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ։ Պարոն Հովհաննիսյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում գործնականում կիրառել է իր հմտությունները թե՛ պատերազմի դաշտում, թե՛ տարերային աղետների ժամանակ։ Ուսանողների եւ դասախոսների համատեղ մասնակցության ձեւաչափը նպաստեց ոչ միայն մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների յուրացմանը, այլեւ թիմային աշխատանքի եւ միասնականության մթնոլորտի ստեղծմանը։ Սպարտակ Հովհաննիսյանը դասընթացի ժամանակ իր վարքով եւ օրինակով փոխանցեց այն կարեւոր ուղերձը, որ տարբերվելն ու չամաչելը թերություն չէ, այլ՝ առավելություն։ Նա ոգեւորեց ուսանողներին՝ մշտապես զգոն լինել, մտածել կյանքի պահպանման մասին եւ հնարավոր ամեն ինչ անել՝ ողջ մնալու համար։ «Տղանե՛ր, դուք պարտավոր եք պատերազմից ողջ վերադառնալ»,- ասաց նա։ Դասախոսներին հորդորեց լինել ավելի նախաձեռնող, չվախենալ տարբերվելուց եւ սեփական օրինակով ներշնչել ուսանողներին։ Վարժանքի ընթացքում առաջին բուժօգնության՝ պարոն Հովհաննիսյանի ցուցադրած բազմաթիվ հնարքներն ու հմտությունները որքան պարզ, այնքան արդյունավետ ու սխալները բացառող են։ Երեք ժամում քոլեջականները անհավանական մեծ ծավալի ու խիստ կարեւոր հմտություններ սովորեցին։ Դասընթացից հետո պարոն Սպարտակը հանդես եկավ առաջարկով՝ Սեպտեմբերից սկսած պարբերաբար կազմակերպել հանանման պարապմունքների շարք՝ պատրաստակամություն հայտնելով իր փորձն ու գիտելիքները շարունակաբար ծառայեցնելու ուսանողներին եւ դասախոսներին։ Բացի Լիանա Խաչատրյանից, միջոցառման կազմակերպման գործում իրենց ներդրումն ունեցան նաեւ քոլեջի կարիերայի զարգացման պատասխանատու Գայանե Սաֆարյանը եւ աշխատանքի անվտանգության մասնագետ դոցենտ Լիաննա Հակոբյանը։ Իսկ նախաձեռնությունը ողջունեց, աջակցեց եւ դրան հաճույքով մասնակցեց քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, որը վաղուց է հայտնի ուսանողակենտրոն, քոլեջականների զարգացմանն ուղղված դրական նախաձեռնություններ հեղինակելու եւ/կամ դրանք սատարելու իր «բնավորությամբ»։