Մեր կայացած, զորեղ փաղանգը․ նա ակամա ամենաարդիական մասնագիտությունն ընտրեց

0 Shares

«Եւ, բնականաբար, շատ գոհ եմ»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Մեջլումյանը:

Հիմա արդեն, որպես Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, նա ուսանողների հետ առաջին իսկ հանդիպման պահից փորձում է անսահման սեր ու հետաքրքրություն սերմանել մասնագիտության, ոլորտի հանդեպ:

Մարդկության պատմության հենց սկզբից հողն ու ջուրը եղել են ամենաթանկ, սրբացված, անփոխարինելի արժեքները, հարստության եւ ապահովության միակ երաշխիքը: Այլընտրանք չունեցող: Եւ բնավ պատահական չէ, որ պատմության թատերաբեմում շատ ուշ հայտնված քոչվորների ամենաբաղձալի մարմաջն է եղել (եւ է) խլել-նվաճել-շորթել բնիկներից՝ հենց հողն ու ջուրը:

Դավիթ Մեջլումյանը մեր հայոց հողն ու անմահական ջուրը պահող նվիրյալների փաղանգում է եւ հորդորում է մասնագիտության ընտրության առաջ կանգնած պատանիներին. «Սա մի հետաքրքիր, ընդգրկուն, ժամանակակից հրապույրներով օժտված ոլորտ է, որին նվիրվելը պատիվ է, բայց նաեւ պարտավորեցնող»:

Դավիթն ակնկալում է, որ նոր ուսումնական պլաններով առաջնորդվող եւ նորացվող լաբորատոր-ուսումնական «հրապուրիչ» հնարավորություններով զինվող Ագրարային համալսարանը նոր խոսք ունի ասելու հենց իր ոլորտի զարգացման գործում։