Ապրիլի 15-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Գարեգին Նժդեհին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել գիտական գրադարանի աշխատակազմը:
Հայկական գրադարանային ասոցիացիայի 2002թ.-ին ընդունած որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլ ասվա 2-րդ շաբաթվա ընթացքում միջոցառումների շարք է նախատեսվում, որի նպատակը գրքի, գրադարանների դերի արժեւորումը, գրագետ եւ կիրթ սերունդ դաստիարակելն ու առողջ հասարակություն ձեւավորելն է: Նշված ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ են կազմակերպում մեր երկրի բոլոր գրադարանները:
Գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին: Նա նշեց, որ արդեն 20 տարի է գրադարանը նոր խոսք ասող միջոցառումներ է կազմակերպում: Իսկ օրվա թեման, որի ընտրությունը նույնպես գրադարանինն է, եւս մեկ հնարավորություն է ավելի լավ ճանաչելու Գարեգին Նժդեհին, լուսաբանելու նրա գործունեությունն ու անգնահատելի ծառայությունը հայրենիքին: Տիկին Ադամյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանին՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:
Բանախոսն էր Հասարակագիտության ամբիոնի վարիչ, պատմագիտության թեկնածու Համո Սուքիասյանը: Նա ներկայացրեց 1921-1922թթ. հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական, թաթարական եւ խորհրդային զորքերի դեմ պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում, որը ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը:
Բանախոսը նշեց, որ ի բարեբախտություն սերունդների՝ Նժդեհը լավ էր հասկանում տեղի ունեցող պատմական անցքերը եւ գրի էր առնում դրանք: Պարոն Սուքիասյանը այդ ժամանակահատվածին վերաբերող հետաքրքիր ձեռագրեր ներկայացրեց, զուգահեռներ անցկացրեց նաեւ այն ժամանակվա եւ այսօր ընթացող սահմանազատման աշխատանքների միջեւ:
Հետաքրքիր բանավեճ ծավալվեց քննարկմանը ներկա ուսանողների միջեւ, որոնք իրենց հուզող բազմաթիվ հարցեր ուղղեցին պարոն Սուքիասյանին:
Ակնհայտ է, որ միջոցառումն ինքնանպատակ չէր, այլ վստահաբար՝ ներկաներին մտորելու տեղիք տվող:
Միջոցառմանը մասնակցեց նաեւ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը: