2020թ. դեկտեմբերին մեկնարկել է ՀԱԱՀ-ի եւ ԵՊՀ-ի միջեւ համագործակցությունը՝ ՀԱԱՀ-ի «Կայուն գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում: Նախաձեռնության նպատակն է ակտիվացնել միջհամալսարանական եւ միջդիսցիպլինար փոխգործակցությունը՝ հատկապես գյուղական սոցիոլոգիայի եւ ագրոսոցիոլոգիայի ոլորտներում երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող ուսումնակրթական, գիտական եւ խորհրդատվական բնույթի համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Այս նպատակով գերմանական Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի (FES) աջակցությամբ կիրականացվի «Հայաստանում գյուղականության ճգնաժամը – գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների սոցիալական պաշտպանության հնարավորություններ» թեմայով համատեղ հետազոտական ծրագիրը:
Ծրագրի նախաձեռնող խմբի անդամ, ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի փոխանցմամբ, ներգրավված գիտնականները եւ ուսանողները կուսումնասիրեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների սոցիալական պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաեւ արժանապատիվ կենսակերպին, սոցիալական հավասարությանը եւ աշխատանքային իրավունքների իրացմանն առնչվող մարտահրավերները: Որպես արդյունք՝ կառաջարկեն գյուղատնտեսությամբ զբաղվողների սոցիալական ռիսկերը եւ դրանց հետեւանքները (հատկապես միգրացիան) մեղմելու տարբեր ուղիներ ու սոցիալական պաշտպանության մեխանիզմներ: Ծրագիրը կտեւի մինչեւ 2021թ. սեպտեմբեր ամիսը:
Օրերս ՀԱԱՀ-ում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկին նվիրված անդրանիկ հանդիպումը, որին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, ՀԱԱՀ անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանը: Էմիլ Գեւորգյանի շնորհանդեսը նվիրված էր ծրագրի իրագործման մանրամասներին:
Հատկանշական է, որ ավագ սերնդի գիտնականների հետ միասին ծրագրում ներգրավվելու են նաեւ ասպիրանտներ եւ ուսանողներ: