Ռեկտոր Վարդան Ուռուտյանը համակարգում էր հունիսի 15-ին Ծաղկաձորում կայացած «ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողով. առաջարկություններ արդյունավետ գործողությունների և քաղաքականության վերաբերյալ» երկրորդ աշխատաժողովը, որն անցկացվեց ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Աշխատաժողովին մասնակցում էին Պարենային համակարգերի ազգային երկխոսության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, տեղական և միջազգային մի շարք շահագրգիռ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ, փորձագետներ։
ՄԱԿ-ի պարենային համակարգերի երկխոսություններ 2021 գագաթնաժողովի առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլին, դարձյալ ռեկտոր Ուռուտյանի համակարգմամբ (https://anau.am/%D5%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D5%BF/): Այն նվիրված էր անվտանգ սննդի ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, հարակայուն պարենային համակարգի կայացման համար արդյունավետ գործողությունների ձեռնարկմանը, այս ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ուժեղացմանը:
Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, աշխատաժողովի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է հողային բարեփոխումների շրջանակում արդյունավետ գործողությունների իրականացմանը վերաբերող աշխատանքները և նախատեսվող քայլերը, ինչպես նաեւ «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացում» վերնագրով զեկույցը։ Զեկույցում ներկայացվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է մի շարք փոփոխություններ Հողային օրենսգրքում, ինչպես նաև մշակել է օրենքի նախագիծ, որով համակարգային լուծումներ են առաջարկվում հողերի արդյունավետ օգտագործման համար։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ելույթում նշել է․ «Կարծում եմ, որ մենք հաջողել ենք երկխոսության առաջին փուլում այն առումով, որ կարողացել ենք մեկտեղել ազգային և միջազգային շահակիցների ամենամեծ և ամենանպատակային խմբին, որոնք պատասխանատու են, ունակ և կամք ունեն ստեղծելու պարենային համակարգեր՝ ներառական արժեշղթաների միջոցով»։ Ընդգծելով կրթության կարևոր դերը պարենային ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքում՝ պարոն Ուռուտյանը շեշտել է, որ այս տեսանկյունից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը առանցքային դերակատարում ունի և պատվով կկատարի իր առաքելությունը։
Ելույթներին հաջորդել են ակտիվ քննարկումները, արվել են մի շարք առաջարկներ հարակայուն պարենային համակարգերի ստեղծման ու զարգացման ուղղությամբ։
Գագաթնաժողովը ցույց տվեց, որ անվտանգ, բավարար եւ բնապահպանական տեսակետից խելամիտ պարենային համակարգի ձեւավորումն այլընտրանք չունի աշխարհում եւ մեր երկրում: Այս առումով պետք է շեշտել, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության եւ Ագրարային համալսարանի առանցքային դերակատարությունը՝ բոլոր շահակիցներին ի մի բերելու եւ համատեղ արդյունավետ աշխատանք կազմակերպելու գործում: