Հարակայուն պարենային համակարգերի ստեղծման առաջին երկխոսությունը

Ապրիլի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվեց ՄԱԿ-ի պարենային համակարգերի երկխոսություններ 2021 գագաթնաժողովը: Երկփուլ երկխոսությունների առաջին փուլի թեման էր ներառական արժեշղթաների միջոցով պարենային հարակայուն համակարգերի ստեղծումը: Գագաթնաժողովը մեկտեղել էր ոլորտի շահակիցների բավականին լայն շրջանակ, որ ներառում էր պետական ու մասնավոր հատվածը, միջազգային գործընկերներին, գիտական-ակադեմիական շրջանակների, ՀԿ-ների եւ այլոց:

Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի անմիջական ջանքերով ու ղեկավարությամբ. պարոն Ուռուտյանն էլ վարում էր գագաթնաժողովի աշխատանքները:

Իր խոսքում նա նշեց, որ սննդամթերքի արտադրության եւ սպառման այսօրվա եղանակը բացասական ազդեցություն է ունենում բնակչության առողջության եւ բարեկեցության, շրջակա միջավայրի եւ բնական պաշարներին վրա՝ հանգեցնելով կենսաբազմազանության կորստի, ջրային պաշարների նվազման, անտառազրկման, ջերմոցային գազերի արտանետումների եւ սննդամթերքի կորստի  ու վատնումների: Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավիրած Սննդի համակարգերի գագաթնաժողովը նպատակ ունի հաստատելու հարակայուն պարենային համակարգերի ապագա ուղղվածությունը եւ արագացնելու այդ ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները։ Ակնկալվում է, որ այն տեղի կունենա 2021թ. աշնանը, իսկ մինչ այդ կանցկացվեն ազգային երկխոսությունները, որոնք կհանգեցնեն հարակայուն պարենային համակարգերի ստեղծման ազգային ուղղությունների ձեւավորմանը:

Պարոն Ուռուտյանը նշեց, որ գործողությունների հինգ ուղղվածություն է նախանշվել՝ որպես գագաթնաժողովի քննարկումների ուղեցույց՝ 1) անվտանգ եւ սննդարար սննդամթերքի հասանելիություն բոլորի համար, 2) անցում սպառման հարակայուն մոդելների, 3) բնապահպանական առումով մաքուր արտադրանքի արտադրության ծավալների ավելացում, 4) ապրուստի արդար միջոցների խթանում եւ 5) խոցելիության, ցնցումների եւ սթրեսների նկատմամբ դիմակայունության բարձրացում։

Ազգային երկխոսության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը գագաթնաժողովը համարեց ազդեցիկ մտքերի գեներացման հարթակ՝ մեր երկրի պարենային համակարգի առաջնահերթությունների հստակեցման տեսակետից, ինչպես նաեւ համաշխարհային պարենային համակարգի զարգացմանը մեր նպաստը բերելու իմաստով: «Անորոշություններով լի աշխարհում առավել կարեւորվում է երկխոսությունը: Ուստի գագաթնաժողովը լավ հարթակ է քննարկելու, թե ինչպես ենք մեր երկիրը՝ մոլորակի այս փոքր անկյունը եւ առհասարակ աշխարհն ավելի լավը դարձնելու գալիք սերունդների համար»,- ասաց պարոն Խոջոյանը:

Նա հավելեց, որ 650 միլիոն թերսնվող մարդիկ եւ ծայրահեղ աղքատները, որոնց 80 տոկոսն, ի դեպ, ապրում են գյուղերում եւ զբաղվում գյուղատնտեսությամբ՝ սպասում են իրենց կենսական հարցերի պատասխաններին: Այդ պատասխանը չպետք է ուշանա՝ շեշտում է ազգային երկխոսության ղեկավարը: Նա համոզված է, որ հարակայուն ձեւով արտադրության եւ սպառման զարգացումը եւ կազմակերպումը, տեղական անվտանգ սննդամթերքի արտադրությունը, թվային եւ կանաչ գյուղատնտեսության զարգացումը եւ փոքրածավալ արտադրությունների զարգացումը հիմնական նպատակներից են, որոնք կապահովեն առաջընթաց: Պարոն Խոջոյանը շեշտադրեց նաեւ հետբերքահավաքային կորուստների, որոնք երբեմն հասնում են մինչեւ 30 տոկոսի, կրճատման, նոր լոգիստիկ շղթաների ստեղծման եւ շուկաների հասանելիության ապահովումը:

Ազգային երկխոսության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Ուռուտյանին՝ գագաթնաժողովը համակարգելու համար: «Համոզված եմ, որ ոլորտում Ձեր մեծ փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան վեր հանել համակարգային լուծում պահանջող հարցեր, ինչպես նաեւ թաքնված հնարավորություններ»,- ասաց պարոն Խոջոյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ողջունելով ներկաներին, նշեց, որ դեռ մանկուց է առնչվել հարակայուն պարենային համակարգին՝ որպես քանզասցի ֆերմերի թոռ եւ լավ է հասկանում այսօր գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրները, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումների, մեծ թվով ֆերմերների կենսամակարդակի բարձրացման եւ բազում այլ հարցեր: Հայաստանում գյուղատնտեսությունը եղել եւ մնում է կենսականորեն կարեւոր ոլորտ, իսկ երկրում հարակայուն պարենային համակարգ ձեւավորելու համար առանցքային նշանակություն ունեն ուժեղ գյուղատնտեսությունն ու ուժեղ պարենային համակարգը՝ հաշվի առնելով սննդամթերքի մատակարարման շղթայում եւ պարենային ապահովության ոլորտում առկա այսօրվա մարտահրավերները: Պարոն Շարփը հույս հայտնեց, որ գագաթնաժողովը գործնական արդյունք կապահովի՝ հաշվի առնելով կառավարության եւ մասնավոր հատվածի պատվախնդիր մոտեցումները՝ առանց բնությունը վնասելու գյուղատնտեսության զարգացման լուծումներ գտնելու հարցում:

Լիագումար նիստի քննարկումների համար պարոն Ուռուտյանը հրավիրել էր ոլորտի պրոֆեսիոնալների՝ հաշվի առնելով նրանց ասելիքի կարեւորությունը, նրանց ներկայացրած կառույցների պոտենցիալ հնարավորություններն ու նրանց ջանքերի միավորումից ակնկալվող արդյունքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի վարչության պետ Իռա Փանոսյանը, «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը, Սպիննակեր Գրուպ ՍՊԸ համահիմնադիր Նորայր Գեւորգյանը, Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշեւիչը, ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը եւ հեռավար եղանակով՝ ՊԳԿ սննդամթերքի անվտանգության եւ սպառողների պաշտպանության պատասխանատու Մերի Քենին օրվա բանախոսներն էին:

Իռա Փանոսյանը խոսեց գյուղատնտեսական հողերի հարակայուն եւ արդյունավետ օգտագործման եւ չօգտագործվող հողերը արտադրական վիճակի բերելու մեխանիզմների մասին, մասնավորապես շեշտադրելով ՊԳԿ-ի աջակցությամբ հողային բանկի ստեղծման մտադրության մասին, որը հստակ տվյալներ կապահովի պոտենցիալ ներդրողների համար:

Պասկալ Բոկերսի բանախոսության թեման վերաբերում էր գյուղատնտեսական գործելակերպերում ներդրումների դերին: Նա խոսեց հարակայուն գյուղատնտեսության մեջ ներդրումների տարբեր ասպեկտների, սննդի մատակարարման շղթայում կանաչ գյուղատնտեսության դերի, հարակայուն գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում խելացի, արդյունավետ, ռեսուրսխնա, նորարարական եւ բնապահպանական տեսակետից անվտանգ տեխնոլոգիաների կարեւորության, ինչպես նաեւ ավանդականից կանաչ գյուղատնտեսության գործելակերպի անցման փուլում հարկային արտոնությունների, հզոր գիտասփյուռ-խորհրդատվական համակարգի, միջազգային համագործակցության ու ուսանողների՝ որպես ապագա խաղորդների հետ աշխատելու անհրաժեշտության մասին:

Նորայր Գեւորգյանը ներկայացրեց ենթակառուցվածքներում պետական եւ մասնավոր ներդրումների դերի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ իր նկատառումներն ու փորձը: Ի դեպ, նա նշեց, որ իր բուն ներկայությունը քննարկմանը արդեն նշանակում է երկխոսության պատրաստակամություն կազմակերպիչների կողմից եւ կոչ արեց ճշտել, թե մասնավոր ու պետական հատվածներն իրար ինչ կարող են տալ: «Որքան պետությունը զարգացած է, այնքան մասնավոր հատվածը ենթակառույցներ է ստեղծում պետության համար»,- նշեց պարոն Գեւորգյանը, հավելելով, որ մեր երկրում գործող ներմուծման եւ արտահանման ներկայիս ընթացակարգը թույլ չի տալիս զարգացնել լոգիստիկ շղթաները:

Արման Վալեսյանը ներկայացրեց ներառական ագրոբիզնեսի մոդելների խթանման եւ սերմերի մատակարարման բազմազանեցված համակարգի վերաբերյալ իր պատկերացումներն ու փորձը:

Ելենա Միլոշեւիչը խոսեց ճգնաժամերի դիմակայման գործում սնուցման դերի մասին, բերելով անվտանգ, որակյալ սննդամթերքի արտադրության խթանման ուղղությամբ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում արդեն իրականացված մի շարք ծրագրերի օրինակներ: Տիկին Միլոշեւիչը եւս մեկ անգամ շեշտադրեց կառավարության, կրթական համակարգի եւ ֆերմերների համագործակցության կարեւորությունը:

Գյուղական համայնքների զարգացման գործում տեխնոլոգիական զարգացման եւ թվային գյուղատնտեսության դերի մասին էր Մերի Քենիի զեկույցը:

Լիագումար նիստից հետո անցկացվեցին երկու համընթաց նիստեր, որոնցից մեկը վերաբերում էր ագրոպարենային արտադրանքի մատակարարման շղթաների դիմակայունությանը (վարող՝ Վարդան Ուռուտյան), իսկ մյուսը՝  սննդամթերքի անվտանգությանը (վարող՝ Սերգեյ Չախմախչյան, CARD հիմնադրամի կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության փորձագետ):

Գագաթնաժողովի աշխատանքներն ամփոփելիս ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործընկերներին շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների եւ հետագա աշխատանքի համար լավ հիմքեր ստեղծելու համար: «Ամենակարեւոր ձեռքբերումը հենց երկխոսության կայացումն էր տարբեր շահակիցների միջեւ. սա կարեւոր է պետություն-մասնավոր հատված – կրթական համակարգ – գիտություն-արտադրություն կապի հզորացման առումով, որը մեզ թույլ կտա լուծումներ գտնել մեր պարենային համակարգը հարակայուն, դիմակայուն եւ ներառական դարձնելու համար»,- ասաց պարոն Ուռուտյանը:

Իր ամփոփիչ խոսքում Ազգային երկխոսության ղեկավար Արման Խոջոյանը գագաթնաժողովը տպավորիչ համարեց, իսկ քննարկումները՝ խանդավառությամբ լի ու շահագրգիռ: Նա գոհունակությամբ նշեց բոլոր շահակիցների պատրաստակամությունը՝ իրենց փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը հարակայուն դարձնելու համար: Շոշափվեցին հարցեր, որոնք ավելի խոր քննարկման կարիք ունեն, ասաց պարոն Խոջոյանը, եւ դա կարվի հաջորդ քայլով՝ երկրորդ երկխոսության ժամանակ: Նա առաջարկեց «նեղացնել» թեմաները եւ վերածել ճանապարհային քարտեզի եւ հունիսին ակնկալվող հաջորդ գագաթնաժողովում արդեն հստակ պարտավորություններ ստանձնել: «Սա գործընացի սկիզբն է, բոլոր կարող ուժերը իրենց նպաստը պիտի բերեն մեր երկրում պարենային հարակայուն համակարգի կայացման ընդհանուր գործին. այս առումով շատ ժամանակ չունենք»,- եզրափակեց Արման Խոջոյանը: