Մասնագիտական գիտելիքների խորացում, այցելություններ Գերմանիայից ժամանած հայ ուսանողների հետ միասին

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող համագործակցության շրջանակում հոկտեմբերի 16-ից մինչեւ  նոյեմբերի 10-ը ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հյուրընկալել էր գերմանական գործընկեր համալսարանի ուսանողներ Մարիամ Սարգսյանին, Լիանա Աթանեսյանին եւ Մանյա Անտոնյանին:

Նրանք «Ագրարային մենեջմենթ» ծրագրի մագիստրանտների համար անցկացրեցին սեմինարներ «Տնտեսագիտական ինֆորմատիկա՝ ներառյալ սոցիալական հետազոտության էմպիրիկ մեթոդներ», «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Ձեռնարկությունների վերլուծություն, վերահսկում» առարկաներից: Կազմակերպվեցին այցեր  Կոտայքի մարզի Եղվարդի «Էկո ֆարմ» ջայլամաբուծական ֆերմա ՍՊԸ եւ նույն մարզում գտնվող Մայակովսկի գյուղի «Դեկորատիվ բույսերի ջերմատուն» Կարեն Սահարյան Ա/Ձ: Այցի նպատակն էր ծանոթանալ ընկերությունների գործունեությանը եւ տվյալներ հավաքել: Ընկերությունների մասնագետները մանրամասնությամբ ներկայացրեցին բոլոր աշխատանքները:

«Էկո ֆարմ» ջայլամաբուծական ֆերմայում զրույցի ընթացքում բացահայտվեց, որ ընկերությունը զբաղվում է նաեւ ջայլամի յուղի հիմքով կոսմետիկ ապրանքների արտադրությամբ, վարում է ռեստորանային բիզնես (ճաշացանկում՝ ջայլամի մսից պատրաստվող ուտեստներ), զբաղվում ագրոտուրիզմով՝ կազմակերպում են խմբակային այցեր:

«Դեկորատիվ բույսերի ջերմատուն» Ա/Ձ-ում ոչ պակաս հետաքրքիր էր: Այցելուները բացահայտեցին իրենց համար նոր բազմաթիվ բույսեր: Բույսերի մեծ մասը բերվում է արտասահմանից, բազմացվում: Ընկերությունը զբաղվում է Երեւան քաղաքի լանդշաֆտային դիզայնով:

Հավաքած տվյալների հիման վրա մագիստրանտները կատարեցին տնտեսագիտական հաշվարկներ եւ, ելնելով ստացված արդյունքներից, գնահատեցին իրենց այցելած ընկերությունների ներկա տնտեսական վիճակը:

Հարդյունս, մագիստրանտները խորացրեցին իրենց մասնագիտական գիտելիքները, ծանոթացան տվյալների հավաքման մեթոդներին:

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի աշխատակիցները եւ մագիստրանտները շնորհակալություն են հայտնում երկու ընկերություններին՝ մագիստրանտների գիտաճանաչողական այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Ագրարային մենեջմենթ» ծրագրի թիմ