ՀԱԱՀ «Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի Երասխահունի փորձամելիորատիվ կայանում տարբեր մշակաբույսերի բերքատվության բարձրացման ուղղությամբ կատարվող գիտափորձարարական աշխատանքներին գնալով ավելի շատ ուսանողներ են ընդգրկվում։ Բուն ագրոնոմիական մասնագիտություններից բացի, այստեղ մասնագիտորեն հմտանում եւ մյուս կողմից էլ գիտական կենտրոնի եւ փորձամելիորատիվ կայանի գիտնականներին եւ մասնագետներին կոնկրետ օգուտ են տալիս նաեւ ապագա ագրարային ճարտարագետները։
Այս առումով, գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն ակնհայտորեն ակտիվացրել են իրենց ջանքերը։ Իսկ վերջին նախաձեռնություններից մեկին հրավիրվել էին նաեւ համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը։ Նրանք, ԳԿ-ի աշխատակիցների եւ ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաեւ հարակից համայնքներից հրավիրված մի քանի ֆերմերների հետ միասին հետեւեցին, խորամուխ եղան եւ չթաքցրեցին իրենց գոհունակությունը նորօրյա՝ Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Գրիշա Ղուրշուդյանի եւ Արթուր Հովակիմյանի կատարած աշխատանքից։ Համալսարանում եւ համալսարանից դուրս արդեն ճանաչում ունեցող այս երիտասարդները գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքով կատարեցին 5 հեկտար ցորենի ցաքատարածության սրսկում՝ օգտագործելով Հ․ Պետրոսյանի անվան գիտական կենտրոնի գիտնականների ստեղծած պայքարի միջոցները։
Համալիր բուժման բանաձեւը կազմել էին ԳԿ-ի գիտնականները եւ հենց նրանք էլ, վաստակաշատ գիտնական Սերգեյ Երիցյանի գլխավորությամբ, տեղում պատրաստում էին համալիր խնդիր հետապնդող եւ հստակ հաշվարկների վրա հիմնված «հրաշագործ» խառնուրդը՝ երկու տեսակի Կոմպլեքսոն եւ Տրիսուրոն ջրալույծ օրգանական պարարտանյութ, որը նաեւ սնկասպան է, ինչպես նաեւ աճի խթանիչներ։ Ցանքատարածության մի մասն էլ թողնվեց որպես ստուգիչ տարբերակ։ Դաշտային միջոցառմանը ներկա ուսանողներն ու ֆերմերները համոզվեցին վնասատուների դեմ ագրոդրոնների միջոցով պայքարելու արդյունավետության մեջ՝ համեմատած պայքարի ավանդական ձեւերի հետ։ Սակայն, կիրառական-փորձարարական-ցուցադրական նշանակությունից զատ, միջոցառումը կոչված էր նաեւ բերքի բարձրացման կոնկրետ խնդիր լուծելու, իսկ մոլախոտերն ու վնասատուները վերահսկող եւ օրգանական բուն մշակաբույսի աճին ու զարգացմանը նպաստող միջոցների փորձարկման արդյունքները առաջիկայում կօգտագործվեն դրանց առեւտրայնացման նպատակով։
ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, բարձր գնահատելով համալսարանի կրթական եւ գիտական երկու ստորաբաժանումների գործընկերության խորացումը, դրվատանքի եւ միաժամանակ ողջերթի խոսք ուղղեց ուսանողներին՝ ասելով․ «Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, իսկ մեր առաքելությունը ձեզ մեր փորձը հաղերդելն է, ուղղորդելը»։






















