«Հայ ինժեներական ոլորտի էվոլյուցիան» ուսանողական մրցույթը սպասում է խիզախ մտքերի

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի նախաձեռնությամբ երեկ՝ հունվարի 14-ին, ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հանդիպում ունեցան EngineerX ճարտարագիտական ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս ընկերության հետ ֆակուլտետի գործակցությունը մեկնարկել է 2024-ին՝ «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» («Ագրոբոտ կենտրոն») դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

EngineerX-ի վաճառքների մասնագետ Գայանե Մկրտչյանը ուսանողներին տեղեկացրեց  «Հայ ինժեներական ոլորտի էվոլյուցիան» ուսանողական մրցույթի մասին, որը տեղի կունենա ապրիլին։ Տիկին Մկրտչյանը մասնավորապես նշեց, որ մրցույթի հիմնական նպատակը մեր երկրի՝ հարուստ պատմություն ունեցող ճարտարագիտական ոլորտի վերարժեւորմանը հայաստանյան բուհերի եւ քոլեջների ուսանողներին մասնակից դարձնելն է։ Մրցույթին կարող են մասնակցել նաեւ մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաեւ մեկ տարի առաջ բուհն ավարտած շրջանավարտները։

Երիտասարդները պետք է ստեղծեն հայկական ճարտարագիտական մշակույթի անցյալը, ներկան եւ/կամ ապագան խորհրդանշող նախագծեր, որոնք հնարավոր կլինի արտադրել ավանդական եւ/կամ ոչ ավանդական տեխնոլոգիաներով։ Ուսանողները մրցույթին մասնակցելու են 2-ից 4 հոգուց բաղկացած խմբերով։ Մրցույթի նպատակներին, պայմաններին, հայտերի ներկայացմանը եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Աննախադեպ մրցույթի արդյունքներով առավել աչքի ընկած երիտասարդ ճարտարագետները կստանան դրամական պարգեւներ։ Նախատեսվում է նաեւ տրամադրել մինչեւ 150 լիցենզիա՝ SOLIDWORKS ծրագրակազմի փաթեթներից օգտվելու համար։

EngineerX-ը բազմամասնագիտական ​​ճարտարագիտական ընկերություն է, որը տրամադրում է դիզայն, ճարտարագիտական, խորհրդատվական եւ նախագծերի կառավարման ծառայություններ ամբողջ աշխարհի ընկերություններին: Ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում՝ տրամադրելով ուսուցում, հավաքագրելով տաղանդներ, մատուցելով բացառիկ ծառայություններ եւ ներդնելով SOLIDWORKS ու 3DEXPERIENCE գործիքները, որոնց հավաստագրված գործընկերն է մեր երկրում։