Yerkir.am-ին օգտագործողները չեն հանգստանում

Այս «լրատվամիջոցն» այժմ էլ մի նոր հոդված է հրապարակել՝ «Ագրարային համալսարանը մեղադրում է ԿԳՄՍ-ին», երեւի իր խմբագրի կարծիքով «խոսուն» վերնագրով։ Նման եզրակացության համար Yerkir.am-ը որպես հիմք է ծառայեցրել ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի  Medialab.am-ի հետ զրույցի այն հատվածը, որտեղ ասվում է․ «Եթե դիմորդների 20 տոկոսից պակասն է կարողանում հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը, ապա դա արդեն լուրջ ահազանգ է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար» (https://medialab.am/230237/

Այս միտքը yerkir.am-ի «թարգմանիչները» ներկայացրել  են այսպես․ «․․․ փաստացի Ագրարային համալսարանի ղեկավարությունը պրոռեկտորի շուրթերով մեղադրում է նախարար Դումանյանին ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ագրարային համալսարանի ընդունելության խնդիրների համար»:

Պատկերացրեք, որ ամբողջ խմբագրակազմով ավելի հետաքրքիր բան չեն կարողացել հորինել, քան այսպիսի, մեղմ ասենք, անհեթեթ եզրակացությունը, այլապես մի՞թե այդքան դժվար էր տարբերել ահազանգը մեղադրանքից։ Իրենց պատվիրատու-օգտագործողների երեւակայության թռիչքաչափն էլ, ի դժբախտություն վերջինների, տեղում հոպ ասելն ու նույնիսկ ցատկել չկարողանալն է, ուր մնաց թռչելը․․․

Ի դեպ, համանման ահազանգ է հնչեցրել նաեւ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն իր երեկվա ասուլիսում․ «Սա արդեն կրթության քաղաքականությունը որոշող ղեկավարության խնդիրն է` մտածել Ագրարային եւ Մանկավարժական համալսարանների ընդունելության մասին»։ https://news.am/arm/news/713403.html

Այնուհետեւ, մեջբերում են եւս մի միտք MediaLab-ի վերոնշյալ հրապարակումից․ «Երկու տարի առաջ մենք մի խնդրի բախվեցինք՝ Ագրարային համալսարանի տնտեսագիտական մասնագիտությունների վճարովի տեղերի համար դիմում էին առանց որևէ քննության»։ Այստեղ MediaLab-ի թույլ տված վրիպակի պատճառով պրոռեկտոր Զաքոյանի արտահայտած միտքը հակառակ իմաստն է ձեռք բերել․ իրականում նա ասել է․ առանց քննությունների դիմում էին ոչ թե տնտեսագիտական, այլ ոչ տնտեսագիտական մասնագիտությունների վճարովի տեղերի համար։  Նույն հարցի վերաբերյալ պրոռեկտոր Զաքոյանի հնչեցրած միտքը հասանելի է նաեւ 23․07․2022-ին, yerkir.am-ի հրապարակումից մեկ օր առաջ, oragir.news-ում հրապարակված հարցազրույցում (https://oragir.news/hy/material/2022/07/23/51008)։ MediaLab-ն էլ է արդեն ուղղել  իր վրիպակը (https://medialab.am/230237/

Այո, անկողմակալ, պրոֆեսիոնալ լրատվամիջոցները կարող են եւ՛ վրիպել, եւ՛ ուղղել իրենց վրիպակը։ Արդյո՞ք yerkir.am-ը այդ լրատվամիջոցներից է։ Երբեւէ զանգահարե՞լ է Ագրարային համալսարան, զրուցե՞լ է համալսարանի պատասխանատուների հետ կրթության՝ այդ թվում ընդունելությանն առնչվող խնդիրների մասին, լուսաբանե՞լ է դրանք, ինչպես այս օրերին անում են բազմաթիվ լրատվամիջոցներ։ Իհարկե ո՛չ, չնայած մեր բազմաթիվ հրավերներին։

Եթե այս մարդկանց առաջնորդող «փարոսը» ապատեղեկատվությունն է, իսկ լավն ու առաջավորը չեն ուզում տեսնել եւ լուսաբանել, գան Ագրարային համալսարան ի՞նչ անեն։ Միգուցե իրենց ա՞յլ բան է պատվիրված․․․

Բայց երեւի ժամանակն է արդեն սրանց զգուշացնելու, հայտնի խորհրդային մուլտֆիլմի հանգույն՝ տղաներ, եկեք համերաշխ ապրենք․․․

Այդուհանդերձ, մեր հրավերը եւ Ագրարային համալսարանի վերջին տարիների ակնառու ձեռքբերումները ներկայացնելու հնարավորությունը մնում է ուժի մեջ։