Վերապատրաստումներ. Ամենաթանկ ապրանքը տեղեկատվությունն է

… հատկապես այն, որը գաղտնի է եւ խիստ անձնական…

Տեղեկատվական անվտանգության երկօրյա դասընթացներ են մեկնարկել, մեր աշխատակիցների համար: Ագրոնոմներն արդեն ավարտել են, տեխնոլոգիականում այս պահին շարունակվում են: Հետո պարապմունքներ կլինեն նաեւ մյուս ֆակուլտետների մասնագետների համար: Տեսական առաջին դասին հաջորդում է գործնական դասը եւ ամբողջն ամփոփվում է թեստավորմամբ:

Դասընթացավարները՝ ՏՏ կենտրոնի ուսումնական գործընթացների ավտոմատացման բաժնի վարիչ, տ.գ.թ. Կարեն Մկրտչյանը եւ տեղեկատվական համակարգերի կառավարման բաժնի մասնագետ-խմբագիր Լիանա Առուստամյանը շատ մատչելի ու առարկայորեն ներկայացնում էին այն խնդիրները, որոնք կարող են խոցելի դարձնել ՏՏ մեր անձնական տիրույթները: Կարեւոր է, որ բավականին սարսափազդու-մտահոգող հարցերը դասընթացավարները բացատրում էին «թեթեւ շնչով», իսկ խորապես գիտակ Լիանայի անկրկնելի ժպիտը լավատեսության երաշխիք էր տարիքային՝ ±50 լսարանի համար:

Ամեն ինչ հստակ է՝ պետք է ՏՏ գրագիտության պաշար ունենալ, զրահավորվել խելամիտ-խելացի գաղտնաբառերով եւ զգոն լինել, որ տեղեկատվական ու քարոզչական ոտնձգությունների թիրախ չդառնանք: