Էրազմուսյան անմոռանալի շաբաթ հյուընկալվողների և հյուընկալողների համար

Մայիսի 16-ից 20-ը յուրահատւկ միջազգային շաբաթ էր պլանավորված ՀԱԱՀ-ում։ Այս անգամ ՀԱԱՀ-ն միաժամանակ հյուրընկալեց երկու տարբեր համալսարաններից ժամանած հյուրերին։ Մեր հերթական էրազմուսյան հյուրերն էին Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային բաժնի համակարգող Մարիա Քրիստինա Պալման, գյուղատնտեսության դպրոցի, կենսաբանության պրոֆեսոր Սոֆիա Ռամոան և պրոֆեսոր Լուզ Լուիսը, ինչպես նաև Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժության համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քրիստիան Պուրդուն, ովքեր համալսարան էին ժամանել դասավանդման և վերապատրաստման նպատակով։

Այցի առաջին օրը մեր հյուրերը այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը, հյուրերի աշխատանքային գրաֆիկը։ Առանձնազրույցներում հյուրրեը փաստեցին, որ ՀԱԱՀ-ի հետ հակված են ունենալու երկարատև համագործակցություն ոչ միայն շարժունության, այլև կարողություններին միտված ծրագրեր իրականացնելու և համատեղ հետազոտություններ անցկացնելու ուղղություններով։

Հանդիպման առաջին օրը ՄԿԴ-ն կազմակերպել էր բաց հանդիպում համալսարանականներ հետ, որը տեղի ունեցավ Ագրիթեքի լսարանում։ Այստեղ Մարիա Պալման ներկայացրեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտը, իրենց ենթակառուցվածքները, ինչպես նաև մանրամասնորեն ներկայացրեց, թե իրենց համալսարանն ինչ է առաջարկում տեղակի և օտարազգի ուսանողներին, ինչ հնարավորություննր կան թե ուսանելու, թե ազատ ժամանց անցկացնելու տեսանկուններից, ինչպես նաև քաջալերեց ներկա ուսանողներին՝ լինել ակտիվ և դիմել իրենց համալսարանում Էրազմուս+-ով սովորելու համար։

Բաց հանդիպման ժամանակ պրոֆեսոր Սոֆիա Ռամոան ներկայացրեց Եվրոպական խոշորագույն ոռոգման նախագիծը՝ որպես կայուն ոռոգման ներդրումների օրինակ, ինչը կյանքի կոչվեց հենց Պորտուգալիայում և իրենց ինստիտուտի պրոֆեսորների անմիջական մասնակցությամբ։ Սա բուհ-պետություն-շուկա համագործակցության փայլուն օրինակներից մեկ էր։ Այնուհետ պրոֆեսոր Ռոբերտ Պուրդու Քրիստիանը ներկայացրեց Կլուժ- նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժության համալսարանը, իրենց կողմից առաջարկվող մասնագիտություններն ու ուսանողներին տրվող հնարավորությունները։

Հյուրերն առիթ ունեցան լինել ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներում և ծանոթացան տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը․ գիտական գրադարան, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, տարբեր ամբիոններ, նոր բացված գինու և հացի ու շոկոլադի լաբորատորիա, գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա, տեստային կենտրոն, ընթերցասրահ և այլն։ Այս անգամ ևս ՄԿԴ-ի նախաձեռնությամբ հյուրերին ստասվում էր փոքր անակնկալ։ Հացի և շոկոլադի լաբորատորիայում նրանք ցուցադրեցին իրենց համեստ, սակայն զարգացման միտված կարողությունները՝ շոկոլադի պատրաստման տեսանկյունից։

Հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան պրոֆ․ Սոֆիա Ռամոայի և ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների միջև «Ի՞նչ սպասել մոտ ապագայում ՝ կրթության վերաբերյալ փոփոխությունների մասին», ինչպես նաև «Միջերկրական ծովի տարածաշրջանում, հիմնականում Պորտուգալիայում, հատուկ կայուն արտադրություն ստեղծելու» թեմաներով։

Պրոֆեսոր Լուզ Լուիսը դասախոսությամբ հանդես եկավ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ներկայացուցիչների առջև, քննարկելով այն մարտահրավերները, որոնք ներկայումս առկա են գյուղական համայքներում։

Իսկ պրոֆ․ Ռոբերտ Պուրդուն, ով Ռումինիայի լավագույն կենդանաբույժ-ախտորոշողներից է և մեր համալսարան էր ժամանեկ ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանի անձնական խնդրանքով, անասնաբուժական ֆակուլտետում ներկայացրեց կենդանիների հիվանդությունների ախտորոշման ժամանակակից գործիքային հնարավորություններն ու դրանց մի քանի առանձնահատկություններ։

Այցի վերջին օրերին հյուրերը ՄԿԴ-ում քննարկեցին իրականացված և ներկա շարժունության ծրագրերը, վերհանեցին թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև հաստատեցին մոտական ժամանակների շարժունության ժամկետները։

Այս անգամ ևս ՄԿԴ-ին պատրաստել էր մշակութային միջոցառումներ։ ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Գեղարդի վանական համալիր, Գառնիի հեթանոսական տաճար, Էջմիածնի  Մայր տաճար։ Իսկ Հայաստանի առաջին հանրապետության մոտակա տոնին ընդառաջ և հայ ժողովրդի հնագույն պատմության ու հաղթանակների ավելի ամբողջական ներկայացման համար հյուրերին ուղեկցեցին Սարդարապատի հուշահամալիր և Հայաստանի ազգագրության թանգարան։ Հայոց պատմություն, հայկական երգ-երաժշտություն, ճարտարապետություն, հայկական հյուրասիրություն ու սնունդ․ ահա այն ամենը, ինչին ականատես եղան ու շփվեցին ՀԱԱՀ-ի էրազմուսյան հյուրերն ու խոստացան վերադառնել։

ՄԿԴ-ին իր շնորհակալությունն է հայտնում ՀԱԱՀ այն ստորաբաժանումներին, ովքեր օժանդակեցին հյուրերի դասախոսությունների և այցերի իրականացմանը, մասնավորապես՝ Հացի և շոկոլադագործության լաբորատորիայի աշխատակիցներին, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության,  Ագրոնոմիական և Անասնաբուժական բժշկագիտության դեկանատներին։

Սա այն այցն էր, որի համար վստահորեն կարող ենք ասել․ «մենք հիացանք իրենցով, իրենք՝ մեզնով»։