The-Microbiologist» պարբերականը անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի գիտնականների՝ վարիչ, կ.գ. դոկտոր Աստղիկ Փեփոյանի ղեկավարությամբ իրականացրած ուսումնասիրություններին:
«Հայ հետազոտողները նախազգուշացնում են, որ հարկ է վերանայել ջրի որակի գնահատման չափորոշիչները, որպեսզի կանխվի հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձեռքբերման տարածումը: ISO 9308-1:2014-ը պետք է ներառի նաեւ այդ կայունությունը բնութագրող կետը: Սեւանա լիճը Անդրկովկասում խմելու ջրի մեծագույն շտեմարանն է, Հայկական լեռնաշխարհը ոռոգման ջրի հիմնական ակունքներից է, ձկնաբուծության, զբոսաշրջության, հանգստի կարեւոր հանգրվան»,-իր ընթերցողներին իրազեկում է պարբերականը:
«Սեւանա լճի ջրի աղտոտումը մեծ վտանգ կարող է ներկայացնել երկրի տնտեսության եւ հանրային առողջության տեսանկյունից: 2019-ի աշնանից մինչեւ 2020-ի վերջ, մեր հետազոտությամբ գնահատել ենք Սեւանա լճի ավազանի ջրերի բակտերիոլոգիական որակները»,-ասում է դոկտոր Աստղիկ Փեփոյանը:
Հոդվածում լուսաբանվում են հիմնարար եւ գործնական հարցեր, որոնք վերաբերում են ջուր-կենդանական աշխարհ-մարդ շղթայում հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածմանը: Ըստ էության, ուսումնասիրությունները «մեկ առողջություն» տեսության տիրույթում են եւ առաջին հերթին դիտարկվում են ախտածին բակտերիաները (հիմնականում զոոնոզ), թեեւ շրջակա միջավայրում ավելի տարածված են ոչ ախտածին տեսակները, որոնք նույնպես լուրջ սպառնալիք են եւ դրանք անտեսելը սխալ է:
«Ինչ մնում է հոդվածի կիրառական նշանակությանը, ապա հիմնվելով ուսումնասիրությունների տվյալների վրա, առաջարկվում է ջրի որակի ISO 9308-1:2014 չափորոշիչի մեջ ներառել հակաբիոտիկների հանդեպ կայունության բնութագիրը»,-նշել է դոկտոր Փեփոյանը:
Գիտնականների այս խումբը ուսումնասիրել է Սեւանա լճի ավազանում՝ ջրային, ցամաքային կենդանիների եւ բնակչության շրջանում տետրացիկլինի նկատմամբ բակտերիաների կայունությունը:
Հետազոտություններով հայտնաբերվել են Edwardsiella, Morganella, Proteus, Erwinia տեսակները, բացի ախտածին եւ ոչ ախտածին աղիքային ցուպիկից, որոնք չեն գերազանցում թույլատրելի չափաքանակը:
«Այս ուսումնասիրությամբ մենք դիտարկել ենք փոխկապակցված համակարգերում հակաբիոտիկների նկատմամբ ախտածին եւ ոչ ախտածին բակտերիաների հնարավոր տարածման պատկերն ու ջրի որակի չափորոշիչների վերանայման անհրաժեշտությունը»,-ասում է Աստղիկ Փեփոյանը:
Հավելենք, որ ուսումնասիրությունն իրականացվել է ՀԱԱՀ-ում, ՀՀ Գիտկոմի աջակցությամբ:
Հոդվածն ամբողջությամբ կարելի է ընթերցել այստեղ։