Փետրվարի 7-ին ՀԱԱՀ-ի Շախմատի թանգարանի հյուրերը Երեւանի թիվ134 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի մի խումբ աշակերտներ էին՝ ծնողների եւ ուսուցիչների ուղեկցությամբ: Թանգարանում նրանց հաճույքով ընդունեց թանգարանի պատասխանատու Ռաֆիկ Չատինյանը, ներկայացրեց թանգարանի պատմությունը, ցուցադրեց պատմական կարեւորություն ունեցող նկարներ, գավաթներ, պաստառներ ու ալբոմներ, պատմեց հայկական շախմատի առաջատարների մասին, ովքեր պարբերաբար այցելել են մեր համալսարան:
Երեխաները մեծապես տպավորված էին Շախմատի թանգարանում տեսածով ու լսածով: Ոչ պակաս տպավորված էին նաեւ ծնողներն ու ուսուցիչները. նրանք ուրախությամբ ու զարմանքով էին խոսում իր տեսակի մեջ եզակի թանգարանի մասին:
Երեխաները ցանկություն հայտնեցին նստել խաղատախտակների մոտ եւ ուժերը փորձել միմյանց հետ: Նրանց խաղամակարդակից պարզ դարձավ, որ այս դպրոցում շախմատի ուսուցումը լավ հիմքերի վրա է: Ի դեպ, այս խաղատախտակների մոտ խաղացել են շախմատի մի շարք լեգենդներ: «Հնարավոր է, որ դուք հիմա նստած եք այն խաղատախտակի մոտ, որի մոտ ժամանակին խաղացել է աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովը», – ասաց Ռաֆիկ Չատինյանը առաջինը խաղը սկսած զույգին:
Պարոն Չատինյանի խոսքով, մեր թանգարանի հանդեպ մեծ հետաքրքրություն կա առհասարակ Երեւանի բոլոր դպրոցներում: Եվ դպրոցականները պարբերաբար ճանաչողական այցով լինում են թանգարանում, իհարկե՝ ոչ միայն մայրաքաղաքից: