Շարժունության պատմություն․ դասավանդում Տերամոյի համալսարանում

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մայիսի 9-ից մինչև 13-ը այցելեցի Իտալիայի Տերամոյի համալսարան, որտեղ պետք է դասավանդեի «Կենդանիների բարեկեցություն» առարկան։

Աշխատանքային այցի առաջին օրը հանդիպեցի համալսարանի պարենի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի կենսաբանության և տեխնոլոգիայի ֆակուլտետի կենդանական ծագման մթերքի ստուգման ամբիոնի դոցենտ Պիերինա Վիշանոին, ով ինձ ծանոթացրեց համալսարանում գործող ֆակուլտետների, ամբիոնների, դասավանդման և գնահատման ընթացակարգերի հետ, ինչպես նաև քննարկում ունեցանք սննդամթերքի ստուգման, անվտանգության գործող օրենքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ հանդիպում կայացավ համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, սննդամթերքի գիտության և տեխնոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիայի հետ։

Քառորյա դասավանդման ընթացքում պարենի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի կենսաբանության և տեխնոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին ներկայացրեցի երկու կարևորագույն թեմաներ, որոնք վերաբերում էին գյուղատնտեսական կենդանիների առողջության և բարեկեցության պահպանմանը։ Հաջորդիվ դասավանդումը շարունակեցի անասնաբուժական բժշկագիտության մասնաշենքում, որտեղ սույն ֆակուլտետի ուսանողների և  ասպիրատների հետ քննարկեցինք անասնաբույժի դերի և կարևորության, ինչպես նաև գիտահետազոտական փորձերում օգտագործվող լաբորատոր կենդանիների բարեկեցության մասին։ Դասավանդման ավարտին քննարկում ունեցա անասնաբուծության և ֆերմայի հիգիենայի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Ջիորջիո Վիգնոլայի, սույն ֆակուլտետի գիտաշխատող, գիտությունների թեկնածու, էթիկայի կանոնների կոմիտեի անդամ Մատեո Չինկարինի հետ։

Ջիորջիոյի և Մատեոի հետ այցելեցինք Աբրուցոյի և Մոլիզեի փորձարարական զոոպրոֆիլակտիկ ինստիտուտ, որտեղ իրականացվում են ախտորոշիչ և կանխարգելիչ, բուժական գիտական փորձեր տարբեր տեսակի գյուղատնտեսական կենդանիների վրա։ Վերջին տեխնոլոգիական սարքավորումներով գերհագեցած ինստիտուտում արտադրում են պատվաստանյութեր կենդանիների էնդեմիկ հիվանդությունների նկատմամբ։ Պանդեմիայի ժամանակ ինստիտուտը զբաղվել է կովիդ-19-ի թեստերի արտադրմամբ, իսկ այժմ նաև՝ պատվաստանյութի իմունածնության ակտիվության որոշմամբ տարբեր տեսակի լաբորատոր կենդանիների վրա։

Հաջորդ օրը պրոֆեսոր Ջիորջիոյի հետ այցելեցինք անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի մասնաշեքին կից գտնվող անասնաբուժական բազմաֆունկցիոնալ հիվանդանոց՝ նախատեսված մանր և խոշոր կենդանիների ախտորոշման, խնամքի, բուժման համար։ Հիվանդանոցը ծառայում է միաժամանակ ուսուցման և կենդանիների բուժման վայր, որը լայն հնարավորություն է տալիս ուսանողներին սկսած 2-րդ կուրսից տիրապետել պրակտիկ հմտությունների։

Էրազմուսյան միջազգային շարժունությունը, իհարկե, հնարավորություն է տալիս գիտելիքի և փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարբեր երկրների մշակույթային անցուդարձի հետ ծանոթացմանը։

ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դասախոս Հայկանուշ Առաքելյան