Մեր բուհն իր ողջ հմայքով. նոր, արժանավոր համալրմանը սպասելիս

Այսօր՝ մարտի 7-ին, հյուրընկալել էինք Գավառի գյուղատնտեսական քոլեջի անասնաբուժություն-4-րդ եւ կաթ-կաթնամթերքի տեխնոլոգիա-3-րդ կուրսերի ուսանողներին: Նրանք իրենց դասախոսների եւ մեր մասնագետների ուղեկցությամբ եղան նախ հրուշակագործության, գարեջրի արտադրության ուսումնական լաբորատորիաներում: Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում հիշվող փորձեր (անգամ սեփական մաշկի վրա) հրաբխային հրավառություն սադրեցին եւ կարողացան եզրահանգումներ անել տեսած – կատարվածի մասին:

Հաջորդ հանգրվանը գյուղատնտեսական դրոնների կենտրոնն էր, միանգամայն նորություն երիտասարդների համար: Ժամանակակից տեխնոլոգիաների աշխատանքը որքան է հեշտացնում ագարակատերերի կյանքը: Երիտասարդները լսում եւ քննում էին ուշադրությամբ: Հարցեր էին տալիս, ճշտում:

Հետո երթուղին տարավ նրանց ջերմատուն, հետո օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա, հետո ագրոանտառաբուծության եւ էկոլոգիայի կենտրոն, Ջրային եւ հողային ռեսուորսների հետազոտական կենտրոն։

-Կգա՞ք Ագրարայինում սովորելու,- մեր հարցին ի պատասխան երիտասարդները անվարան պնդեցին.

-Իհարկե կգանք, հաստատ գալու ենք, բայց ոչ միայն ագրոնոմիական եւ ճարտարագիտական, այլեւ՝ անասնաբուժության ֆակուլտետ:

Մեր բուհի որ մասնագիտությունն էլ ընտրեն՝ հեռանկարային ու կարեւոր են երկրի տնտեսության, բնակչության, բոլորի եւ յուրաքանչյուրիս համար: