Մեկ օր Ագրարայինում․ վարպետության դասերը շարունակվում են

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում շարունակվում է «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերը։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, բաժնի աշխատակիցներ Մանե Շուշանյանը եւ Անի Հովակիմյանը փետրվարի 24-ին հյուրընկալեցին քոլեջների եւ դպրոցների սաների երկրորդ խմբին։

Համալսարանի կրթական ծրագրերի, ագրարային մասնագիտությունների պահանջվածության մասին Մանե Շուշանյանի ներածական խոսքին ուշադրությամբ ու հետաքրքրությամբ ունկնդրելուց հետո պատանիները բաժանվեցին երեք խմբերի՝ ըստ նախասիրությունների։ Պետք է նշել նրանց ոգեւորությունը եւ հրուշակագործության, անասնաբուժության եւ գինեգործության մասնագիտություն-աշխարհներին ծանոթանալու ձգտումը։ Խմբերի բաժանվելուց հետո դպրոցականներից ու քոլեջականներից ոմանք, «մի փոքր» շտապելով, իրենց արդեն սկսեցին անվանել շոկոլադագործներ, անասնաբույժներ․․․

Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում, գինեդարանում եւ համալսարանի կլինիկայում մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված վարպետաց դասերի միջոցով առնչվեցին համապատասխան մասնագիտություններին, հասկացան դրանց հանրային կարեւորությունը, իմացան աշխատաշուկայում դրանց պահանջվածության մասին։ Իսկ շուկայում որպես մրցունակ մասնագետ սեփական տեղն ու դերն «ամրագրելու» համար մեկ բան է անհրաժեշտ՝ դառնալ լավ մասնագետ։ Տիկին Շուշանյանի հիմնական հորդորն ու ուղերձն էլ հենց դա էր՝ կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն եւ դառնալ մրցունակ մասնագետ։ Այս առումով եւ առհասարակ, Ագրարայինում ձեռք բերված մեկօրյա, բայց հագեցած փորձառությունը երիտասարդները երկար կհիշեն։

Ինչպես նշել ենք վերեւում, վարպետաց դասերն անցկացվում են «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։ Հնգամյա այս ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) եւ կոնսորցիումի գործընկերները՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ օգնության ֆոնդը եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանը։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ աշխատանք գտնելու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում: