Երեկ՝ հունվարի 18-ին, ՀԱԱՀ Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքների մշտադիտարկման նպատակով ընդունեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանին եւ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի մշտադիտարկման թիմին։
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, պրոռեկտորներ Արամ Հովհաննիսյանը եւ Մարիամ Մովսիսյանը․ նախագծի ղեկավար պրոֆ․ Արա Ամիրյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը հյուրերի հետ շրջեցին կենտրոնի վերակառուցվող ճարտարագիտական երեք լաբորատորիաներում, աշխատասենյակներում ու լսարաններում, տեսան գույքի ու սարքավորումների՝ արդեն ստացված խմբաքանակը։ Արձանագրվեց, որ «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի աշխատանքի տեմպի եւ որակի առումով, քննարկեցին նախագծի հետագա սահուն ընթացքի ապահովմանն առնչվող հարցեր։
Մեր գործընկերները ծանոթացան նաեւ հարեւանությամբ գտնվող՝ ուսանողների ձեռքով ստեղծված ու կահավորված մոդելավորման սենյակին եւ համալսարանի շրջանավարտների ուժերով վերակառուցված եւ կահավորված ընթերցասրահին։
Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնը հիմնվում է Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջև կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում։ Կենտրոնի նպատակը Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացումը, գիտության զարգացումն ու այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստումն է։
Ստեղծվող ագրոբոտ լաբորատորիայում կարտադրվեն գյուղատնտեսական ռոբոտներ, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ։ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիր։