Տասնյակ դպրոցների Արմաթ ինժեներական լաբորատորիաների հարյուրավոր աշակերտներ ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության ստարտափ գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլին (որը կայացավ ՀԱԱՀ-ում նոյեմբերի 4-5-ին) հաջորդող շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցան ծանոթանալու մասնակիցների գաղափարներին ու ստեղծած մանրակերտներին։ Հիշեցնենք, որ ինկուբացիոն եռամսյա փուլին հաջորդած եզրափակիչին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի 6 թիմ, 3-ը հաղթող է ճանաչվել եւ դրամական մրցանակներ ստացել, իսկ թեմաները երիտասարդներին հուշել եւ համապատասխան խորհրդատվություն էին տրամադրել Ագրարայինի մասնագետները։
IoT («իրերի համացանց») տեխնոլոգիաների եւ թվային անվտանգության լուծումների համադրումը մեծապես հաջողվել էր պատանի ու երիտասարդ մասնակիցներին։ Իսկ արմաթցիների հետաքրքրությունը արտակարգ էր մանրակերտների տեսքով ներկայացված առաջադիմական գաղափարների նկատմամբ․ կենդանիների համարակալման, տեղորոշման եւ կշռման ավտոմատ համակարգ, խելացի ջերմատուն, մթերքների ավտոսառնարանային պահպանում, բույսերի ավտոմատ ոռոգման համակարգ եւ այլն։
Բացի մրցանակներից եւ համակազմակերպիչներ instigate եւ Pinsight ընկերությունների եւ ՀԱԱՀ-ի կողմից բարոյական խրախուսանքից, մասնակիցները իմացան նաեւ Ագրարային համալսարանի ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտության մասին։ Ընդհանրապես, մինչ այս մրցույթը, տարբեր բուհերի եւ Իրական դպրոցի ուսանողներից ու աշակերտներից շատ քչերն էին երբեւէ խորհել գյուղատնտեսության բնագավառում բարձրտեխնոլոգիական լուծումների ստեղծմանը մաս կազմելու մասին։
Իսկ մանրակերտները երեխաներին ցուցադրելիս ավելի պակաս ոգեւորված ու պատասխանատու չէին զգում, քան բուն մրցույթի ժամանակ։ Ապահովված էր նաեւ Արմաթ ինժեներական լաբորատորիաների բավականին լայն աշխարհագրություն՝ գալիս էին թե Երեւանի եւ թե մարզերի դպրոցներից։
instigate եւ Pinsight ընկերությունների, Իրական դպրոցի եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի պատասխանատուներն ամեն ինչ արել էին մասշտաբային միջոցառման նպատակայնությունն ու հեռանկարայնությունը ապահովելու համար եւ դա նրանց հաջողվեց։