Մարտի 29-ին ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը գործակցային հուշագիր ստորագրեց Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Նալբանդյանի հետ։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել դասախոսների վերապատրաստմանը, համատեղ գիտական ու հետազոտական ծրագրերի եւ փորձաքննությունների իրականացմանը, գիտաարտադրական փորձուսուցումների անցկացմանն առնչվող եւ հարակից այլ աշխատանքներ։
Պրոռեկտոր Մինասյանը, ողջունելով քոլեջի ղեկավարներին, հակիրճ անդրադարձավ համալսարանի առաջարկած կրթական ծրագրերին, քոլեջից համալսարան ընդունվելու, ագրոճարտարագիտության ոլորտի փորձնական ծրագրին մասնակցելու հնարավորությանը եւ խրախուսեց ծանոթանալ եւ քոլեջի ուսանողներին (որոնք բավականին մեծ խմբով համալսարանում էին) ծանոթացնել ոչ միայն համալսարանի կրթական ծրագրերին, այլեւ ուսումնառության համար ստեղծված նպաստավոր միջավայրին ու մոտեցումներին։
Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնին՝ ընձեռված հնարավորության համար եւ նշեց, որ մասնագիտական կողմնորոշումը հենց համալսարանում շատ կարեւոր է քոլեջի տարբեր կուրսերի ուսանողների համար՝ գյուղատնտեսության զարգացող ոլորտում մասնագիտություն ընտրելու առումով։ Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում ուսուցանվող 12 մասնագիտություններից 4-ը գյուղատնտեսական ուղղվածություն ունեն, եւ, տիկին Նալբանդյանի համոզմամբ, ՀԱԱՀ-ի հետ գործընկերությունը մեծապես օգտակար կլինի քոլեջի համար։
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժն վարիչ Լիանա Վարդանյանը նշեց, որ համալսարանի գործընկերային ցանցը կարող է օգտակար լինել քոլեջի շրջանավարտներին հենց մարզում մասնագիտական աշխատանքի տեղավորելու հարցում։
Քոլեջի ղեկավարներն այնուհետեւ միացան իրենց ուսանողներին՝ Կարիերայի բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ուղեկցությամբ շրջելու համալսարանի նորարարական ենթակառույցներից մի քանիսում եւ ՀԱԱՀ մասնագետների օգնությամբ հաղորդակից լինելու ագրարային արդիական տարբեր մասնագիտություններին, որոնք լուրջ հեռանկարներ ունեն մեր երկրում։