Հրաչյա Զաքոյանը մասնակցել է ՎԿԳՀ ռեկտորների խորհրդաժողովին

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն աշխատանքային այցով Գերմանիայում էր, որտեղ մարտի 4-ից-7-ը մասնակցել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ Արեւելյան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր համալսարանների ռեկտորների խորհրդաժողովին։ Քննարկման հիմնական թեման Ագրարային մենեջմենտ միջազգային մաագիստրոսական ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող տեղեկատվության փոխանակումն ու հետագա գործակցության թիրախների ճշգրտումն էին։

Ռեկտորների քննարկման առարկա են դարձել կիրառական գիտությունների ոլորտում համագործակցությանը, համատեղ դասավանդմանը, կրթական ծրագրերի մշակմանը, համատեղ հետազոտություններին, ուսումնական պլաններին, կրկնակի դիպլոմին եւ դուալ կրթությանն առնչվող հարցեր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նկատառումները հաշվի առնելով, փոփոխություններ են մտցվել Գերմանիայում մագիստրոսական ծրագրում ուսումը շարունակելու ժամանակացույցում՝ հիմնվելով գործընկեր համալսարաններում համապատասխան բակալավրիական կրթական ծրագրի ժամանակացույցի վրա։

Խորհրդաժողովի օրերին պարոն Զաքոյանը հնարավորություն է ունեցել այցելելու Թրիսդորֆի Գյուղատնտեսական կրթության կենտրոն, գործընկեր համալսարանների ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով։

Անշուշտ, ջերմ հանդիպում է եղել նաեւ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի մագիստրատուրայում ուսումը շարունակող ՀԱԱՀ ուսանողների, ինչպես եւ ՎԿԳՀ պրոֆեսոր Արամ Արիստակեսյանի հետ։

Ագրարային համալսարանը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ կրկնակի դիպլոմի ծրագիր է իրականացնում սկսած 2022 թ-ից։ Ռեկտորների խորհրդաժողովում համաձայնություն է ձեռք բերվել երկարաձգել ծրագիրը, որի մասին պաշտոնական տեղեկություն կլինի առաջիկայում։

Խորհրդաժողովը նշանավորվեց նաեւ Հավատարմագրման, հավաստագրման եւ որակի ապահովման ACQUIN ընկերությունից հավատարմագրված ՀԱԱՀ Ագրարային մենեջմենտ մագիստրոսական ծրագրի վերահավատարմագրմամբ՝ մինչեւ 2029 թվականը։