Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը ՀԱԱՀ վարժարանի շրջանավարտներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի շրջանավարտներ։

Նշանակալի օր է ձեզ համար․ դուք հրաժեշտ եք տալիս վարժարանին, ձեր ուսուցիչներին ու ընկերներին եւ ոտք դնում հասուն կյանքի շեմ։ Այս կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մանկավարժներին, ծնողներին եւ մաղթում, որ այսօրը վերածվի յուրօրինակ տոնի, անշուշտ՝ հարազատ միջավայրին հրաժեշտ տալու պահերին բնորոշ փոքր-ինչ տխուր զգացումով։

Ձեր կյանքի այս կարեւոր հանգրվանում ցանկությունս է, որ մի պահ ետ նայեք վարժարանում անցկացրած ձեր տարիներին, արդեն երիտասարդի աչքերով գնահատեք այն ամենն, ինչ ստացել եք այստեղ՝ գիտելիք, կյանքի հմտություններ, ընկերություն, մասնագիտական, քաղաքացիական եւ մարդկային ձեր ապագան սեփական ձեռքերով կերտելու կարողություն։ Կարևոր է արձանագրել, որ ձեր ուսումնառությունն անցել է մի միջավայրում, որտեղ գնահատում, հարգում եւ սիրում են աշակերտին եւ ուսանողին․ դա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողակենտրոն եւ ստեղծագործ աշխատանքին նպաստող, ազնվությունը, պարկեշտությունն ու հայրենասիրությունը խրախուսող միջավայրն է, որի անբաժան մասն է վարժարանը։

Սիրելի շրջանավարտներ, բարի երթ եւ հաջողություն ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ։