Ապրիլի 21-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում պաշտոնապես բացվեցին Հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան։ Արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատուներ, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծի (EU-GAIA) ղեկավար Պասկալ Բոկերսը, Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ֆերմերներ, ուսանողներ, ոլորտի այլ շահակիցներ։
Նրանք բոլորը ջերմորեն ողջունեցին նոր լաբորատորիայի «մուտքը» Վանաձոր, որն, ըստ էության, մասնաճյուղում գործող լաբորատորիայի հիմնովին վերազինումն էր նորագույն եւ ճշգրիտ սարքավորումներով՝ ԵՄ ֆինանսավորմամբ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող EU-GAIA նախագծի շրջանակում։ Շաբաթներ առաջ նախագծի աջակցությամբ համանման լաբորատորիա էր բացվել նաեւ ՀԱԱՀ Շիրակի մասնաճյուղում։
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին, լաբորատորիայի անհրաժեշտությունը բարձր գնահատեց զարգացած կրթություն ունենալու եւ արդյունավետ գյուղատնտեսություն վարելու, տեղում հողի կարիքները հասկանալու տեսանկյունից։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, աջակցության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին, շեշտադրեց լաբորատորիայի եւ քիմիայի լսարանի կարեւորությունը ուսանողներին գործնական հմտություններ տալու, ինչպես նաեւ տարածաշրջանի ֆերմերային տնտեսություններին հողի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասին պատշաճ տեղեկություններ տրամադրելու տեսակետից` ագրարային արտադրության, գյուղատնտեսության ընդհանուր զարգացման համատեքստում։
Լաբորատորիայում կանցկացվեն հողի փորձաքննություններ, կորոշվի հողի միկրո եւ մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաեւ կիրականացվեն բույսերի եւ ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։ Լաբորատորիան ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին եւ նրանց ու այլ տնտեսավարողների համար կծառայի որպես վերապատրաստման հարթակ։