Հերթական դասախոսությունն ու փորձի փոխանակումը Էրասմուս+ ծրագրի շրջանակում՝ հետաքրքիր, ուսանելի, օգտակար

Էրասմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հերթական հետաքրքիր հանդիպում-դասախոսությունները կայացան երեկ՝ ապրիլի10-ին, Ագրիթեք սրահում։ «Լանդշաֆտների նախագծումը՝ ուղղված հանրային առողջությանը եւ բարեկեցությանը» եւ «Լանդշաֆտների արժեքը եւ մարդիկ․ քաղաքային լանդշաֆտների վերլուծության ներածություն» թեմանեով դասախոսություններ կարդացին Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի դասախոսներ Սայմոն Բելը եւ Մանա Թահերի Թալեշը։

Առաջին դասախոսությունը նվիրված էր հանրային բարեկեցության տեսանկյունից «կանաչ» եւ «Կապույտ» տարածքների դերին եւ քաղաքային լանդշաֆտների ներուժին։ Բանախոսը մասնավորապես կանգ առավ ժամանակակից թվային գործիքների ինտենսիվ օգտագործմանը, նստակյաց ապրելակերպի, տեղեկատվության գերհոսքերի հետեւանքով «հոգնածության համաճարակի» հաղթահարմանը, միգրացիայի բերումով բնակչության աճի եւ այլ պատճառներով կանաչ եւ ջրային տարածքների, գյուղական լանդշաֆտների, քաղաքային անտառների ու զբոսայգիների միավոր տարածքների հասանելիությանը, հոգեբանական վերականգնմանը, աղմուկի կրճատմանն առնչվող հարցերի վրա։ Բերվող շատ հետաքրքիր օրինակները աշխարհի զանազան տարածաշրջաններից էին՝ բանախոսի իրականացրած հետազոտություններից։ Պարոն Բելը հատուկ ուշադրություն հրավիրեց երեխաների ու երիտասարդների առողջության, ներառյալ՝ հոգեկան առողջության վրա թվային կախվածության ազդեցության եւ նրանց դեպի բնություն ուղղորդելու անհրաժեշտության վրա։

Մանա Թահերի Թալեշը, որ ծնունդով հարեւան Իրանից է, քննության առավ բնական եւ մշակութային լանդշաֆտների արժեքավորության խնդիրը, դարձյալ՝ սեփական հետազոտությունների հիման վրա։ Մանան մասնավորապես խոսեց բնական լանդշաֆտների հարափոփոխության, դրանց վրա ազդող բնական եւ մարդածին (նոր տեխնոլոգիաներ, շուկաներ, քաղաքների աճ, ոլորտի պետական քաղաքականություն եւ այլն) գործոնների վրա։ Նա ներկայացրեց վերլուծության քայլերը եւ մեթոդները։

Բացի ՀԱԱՀ Ագրոնոմիականի դասախոսներից եւ ուսանողներից, Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցներից, դասախոսությունները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին նաեւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, շահագրգիռ ու փոխօգտակար քննարկում ծավալվեց։

Դասախոսություններին նախորդել էր ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրերի շրջայցը համալսարանի նորարարական ենթակառույցներից մի քանիսում։ Առհասարակ մեր գործընկերների այցի կազմակերպման հարցում ՄԿԴ-ին աջակցել է ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, Էրասմուս+ ՀԳ1-ի շրջանակում Էստոնիայի գործընկեր համալսարանում անցյալ տարի դասավանդած Արեգ Կարապետյանը։