Դուք արժանի եք մեր բոլոր ջանքերին․ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի ուսանողներ։

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ բոլորիս համար սիրելի դարձած տոնի՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Գլխավոր մաղթանքս է, որ ձեր ուսումնառությունն անցնի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի պայմաններում եւ որ դուք, անշեղորեն բարձրանալով մասնագիտական վարպետության աստիճաններով՝ իրականացնեք ձեր գեղեցիկ ձգտումներն ու երազանքները։

Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի համար հաճելի է գիտակցել եւ անդրադառնալ այն փաստին, որ այսօր ուսանողների համար մեր համալսարանում ստեղծված են սովորելու, ագրարային մասնագիտություններ յուրացնելու եւ աշխատաշուկայում մրցունակ աշխատանք գտնելու բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ընդամենը երկու օր առաջ պաշտոնապես շարք մտավ եւս մեկ, վերջին չորս-հինգ տարում արդեն 55-րդ, նորարարական ենթակառույցը, որն իր տեսակի ու գործառույթի առումով եզակի է մեր երկրում ու տարածաշրջանում։ Ընթացքի մեջ են նորերը․․․

Իրականացված բարեփոխումների բնույթը, դրանց անմիջական ու հեռանկարային ազդեցությունն այլ կերպ, քան իրականացված երազանք՝ չես անվանի։ Ուզում եմ շեշտել, որ դուք եւ ձեզանից հետո եկող ուսանողական հերթափոխն է գլխավոր պատճառն այն ամենի, ինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում այստեղ՝ Ագրարային համալսարանում․ եւ դուք արժանի եք այն բոլոր ջանքերին, որ մենք եւ մեր համախոհները գործադրել եւ շարունակում ենք՝ ագրարային կրթությունն ու գիտությունը ագրոտեխնոլոգիական հիմքերի վրա դնելու մեր առաքելության իրականացման ճանապարհին։

Կարծում եմ, դուք արդեն համոզվել եք, որ այս համալսարանում ուսանողներին վերաբերվում են որպես գործընկերների։ Ուրեմն եկեք շարունակենք մեր գործընկերությունը՝ անընդհատ նորոգվող, ճկուն, բայց եւ՝ մշտապես փոխադարձ սիրո ու հարգանքի վրա հիմնված սկզբունքների հիման վրա՝ հանուն մեր ընդհանուր նպատակների, որ նաեւ գյուղատնտեսության ու հարակից ոլորտների զարգացման, մեր երկրի բարգավաճման նպատակն է։

Բարի ընթացք եմ մաղթում ձեր բոլոր ուսումնական, աշխատանքային, ստեղծագործական ու հայրենանվեր ձեռնարկումներին, որպեսզի առավելագույն արդյունքը քաղեք ուսանողական կյանքի անզուգական տարիներից։