Գիտական խորհրդի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, օրակարգային հարցը ՀԱԱՀ-ում իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերի շրջանակներում ՀԱԱՀ գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների 2023 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը եւ քննարկումն էր։
Զեկուցումներով հանդես եկան ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անդրեաս Մելիքյանը, ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանը, ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման եւ ավտոմոբիլային փոխադրումների ԳՀԻ-ի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ Արթուր Ալթունյանը, նույն ինստիտուտի Ավտոմոբիլային փոխադրումների բաժնի վարիչ Արման Սիմոնյանը։
Բոլոր զեկուցումներում արտացոլված էր տարվա ընթացքում գրանցված ակնհայտ առաջընթացը գիտական ու գիտատեխնիկական ենթակառույցների բազայի նորացման, հետազոտական փորձարարական տարածքների ավելացման, եղածների հագեցվածության բարելավման, կոլեկցիոն այգու համալրման, գիտական ու հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության, արտոնագրված գյուտերի, միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցության, վճարովի ծառայությունների իրականացման, գիտական հրապարակումների քանակական ու վարկանիշային աճի եւ այլ ուղղություններում:
Ստորաբաժանումներում, թերեւս բացառությամբ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ԳԿ-ի, երիտասարդ գիտնականների ներգրավման ընդլայնման խնդիր կա։ Ի դեպ, ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց տիկին Գասպարյանին, որի ղեկավարած երիտասարդ գիտնականների խումբը վերջերս հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթում:
Համալսարանի գիտական ստորաբաժանումներում տեղծված գիտական լուրջ արդյունքի առեւտրայնացման ուղղություններն ու թիրախները թեպետ որոշակիացել են, սակայն այս առումով անելիքները շատ են․ սա այն խնդիրներից էր, որոնց վրա ռեկտոր Ուռուտյանը գործընկերների հատուկ ուշադրությունը հրավիրեց։ Պատահական չէ, որ, տպավորիչ համարելով միջազգային ազդեցության գործակից ունեցող պարբերականներում մերոնց հրապարակումների աննախադեպ թիվը, ռեկտորը հորդորեց ջանքերն ուղղել առաջին հերթին ֆերմերին, ագրոբիզնեսին օգնելու մեր առաքելության գործնական իրականացմանը՝ նրանց համար հասանելի դարձնելով ՀԱԱՀ գիտնականների ստեղծած մեքենասարքավորումները, տեխնոլոգիաները, համալիր պարարտանյութերն ու խթանիչները, կենսապատրաստուկները եւ այլն։
Ընթացիկ հարցերի շարքում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի ներկայացմամբ գիտխորհուրդը հաստատեց Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթին ներկայացվելիք նախագծերի թեմաները, իսկ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ուսումնական երկու ձեռնարկ։
Դեկտեմբերի 25-ին լրանում է ռեկտոր Վարդան Ուռուտյանի լիազորությունների ժամկետը։ Այս կապակցությամբ, ընթացիկ հարցերի շարքում, պարոն Ուռուտյանը հանդես եկավ հայտարարությամբ, իր ռեկտորության հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքների հակիրճ հաշվետվությամբ եւ համատեղ աշխատանքի համար շնորհակալական խոսքով։
ՀԱԱՀ ռեկտորի իր առաքելության ընթացքում Վարդան Ուռուտյանի առաջնորդությամբ Ագրարային համալսարանի ունեցած նվաճումների գրաֆիկական պատկերին կարելի է ծանոթանալ այստեղ։
Հայտարարելով, որ ռեկտորի կարգավիճակով վերջին անգամ է մասնակցում գիտխորհրդի նիստին, պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար։
«Այս հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է անել անհնարինը․ հորդորս է, որ դուք շարունակեք անել անհնարին թվացողը։ Մեզ վստահել, հավատացել են մեր գործընկերները՝ միջազգային կառույցներից, Սփյուռքից եւ, որը շատ ուրախալի է՝ հայաստանյան մասնավոր հատվածից եւ ըստ ամենայնի օգնել ստեղծելու այն միջավայրը, որ այսօր ունենք Ագրարային համալսարանում»։ Պարոն Ուռուտյանը հորդորեց պահպանել ու զարգացնել ստեղծված կապերը, այդ թվում տեղական ագրոբիզնեսի հետ` ՀՀ բուհական համակարգում աննախադեպ նորարարական այնպիսի գործելակերպերի միջոցով, ինչպիսիք են աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումն ու ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդները։
Պարոն Ուռուտյանը նշեց, որ ուսումնահետազոտական ենթակառույցների ստեղծման, ուսումնական պլանների արդիականացման, ուսումնառության եւ դասավանդման կատարելապես նոր միջավայրի ստեղծման, նոր մտածելակերպի ու արժեքների ձեւավորման հարցերում համալսարանը հասել, իսկ որոշ առումներով՝ նաեւ գերազանցել է արդյունավետության նախանշված ցուցանիշները։
«Հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ էր աշխատել ձեզ հետ եւ միասին կերտել այն համալսարանը, որն ունենք այսօր։ Միշտ հասանելի եմ լինելու բոլորիդ համար եւ շարունակելու եմ ձեր կողքին լինել։ Սիրելի ուսանողներ, իմ գործունեության շարժիչ ուժը դուք եք եղել, որովհետեւ դուք եք մեր երկրի ապագան։ Մի հանդուրժեք միջակությունը, ձեր գործում անընդհատ ձգտեք գերազանցության»։
Պարոն Ուռուտյանը գիտխորհրդի անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ եւ մաղթեց արժանապատիվ խաղաղություն մեր երկրին եւ վճռականություն՝ շարունակելու համատեղ կերտել մեր երազած համալսարանը։
Գիտական խորհրդի անդամները հոտնկայս ծափահարությամբ ողջունեցին ռեկտոր Ուռուտյանին։
- 23/12/2023
- 2023