Գեղարքունիքի բերք ու բարիքի փառատոնը Սիրահարների այգում

Սիրահարների այգում իսկական բերքի տոն էր՝ աշնան գույներով հագեցած, առատ եւ…անվտանգ սննդամթերք: Միակ «թերությունն» այն էր, որ սակարկելու հարկ ու «տեղ» չկար, քանզի ամեն ինչ վաճառվում էր շուկայականից ցածր գներով: Էլ ի՞նչ սակարկես…

«Գեղարքունիքի բերք ու բարիքի» փառատոնը նախաձեռնել էին ԵՄ եւ Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող  «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» #EU4Sevan ծրագրի շրջանակում՝ համայնքի Զարկերակ ԵՀԿ-ը եւ Սարերի բարիք սոցիալական ձեռնարկություն / Sareri Bariq SE-ը:

Մեզ՝ ագրարայինցիներիս համար կրկնակի հաճելի է, որ հիշյալ մարզի ընկերային, բնապահպանական խնդիրների լուծմանը միտված կարեւոր ծրագրին մասնակցում են նաեւ Ագրոէկոլոգիայի եւ անտառագիտության ամբիոնի մեր գործընկերները:

Կարտոֆիլը, մյուս բանջարեղենները աճեցվել են քիմիայի նվազագույն-թույլատրելի չափաքանակով: Պատահական չէ, որ հենց տեղում՝ սպառողների համար հատուկ սարքերով ստուգում էին նիտրատի պարունակության չափը: Արդյունքը միշտ գոհացնող էր լինում:

Ինչպես նկատեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Կայուն հողօգտագործման խորհրդատու, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ծրագիրն օգնում է, որ սպառողին հասցնենք առողջարար ու անվտանգ սննդամթերք՝ Սեւանա լճի բնահամակարգին վնասներ չհասցնելու ճանապարհով: