Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ

Արևիկ Յուրիի Աբովյան

անաս.գիտ.թեկն., դոցենտ

Դեկան

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյուն 19, 5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ,
  • (+374 12) 52 59 56, ներքին` 2-34
  • [email protected]

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը հանրապետությունում անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության և անասնաբուծության բնագավառների բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստող միակ ֆակուլտետն է, որը դարձել է նաև այդ բնագավառների տարբեր գիտական հետազոտությունների կենտրոն:
Ֆակուլտետը դրականորեն փոխում է իր դերը․ իրականացնում է միջազգային տարաբնույթ ծրագրեր, որոնք միտված են կրթության բարեփոխումներին, աշխատաշուկայի և գիտության ոլորտում ճանաչելի, ընկալելի և մրցունակ մասնագետներ պատրաստելուն: Ուսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար ամբիոնների հիմնական մասը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, գործնական ուսուցումը տարվում է անասնաբուժական կլինիկաներում, սպանդանոցներում, քաղաքային շուկաներում, անասնապահական ֆերմաներում և այլ մասնագիտական ուղղվածություն ունեցող վայրերում: Երեք մասնագիտությունների գծով ուսանողները մասնակցում են արհեստական սերմնավորողի դասընթացներին և ստանում «Արհեստական սերմնավորող օպերատորի» որակավորում:
Բոլոր պրակտիկաներն անցկացվում են հանրապետության սննդի խոշորագույն վերամշակման արտադրամասերում, ղեկավար կառույցներում՝ Սննդի անվտանգության տեսչական մարմին, Էկոնոմիկայի նախարարություն, Անասնաբույժների ազգային ասոցիացիա, CARD, անասնաբուժական կլինիկաներ, ֆերմաներ, Կենդանաբանական այգի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ, սննդի ստուգման լաբորատորիաներ և այլն:
Ներկայումս վերակառուցվում է Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունը, որտեղ կունենանք SMART ֆերմա, ինչն ուսանողներին հնարավորություն կտա փորձուսուցմամբ լրացնել իրենց տեսական գիտելիքները: Կառավարության, տեղի և արտերկրի մեր գործընկերների աջակցությամբ սկսել ենք հզոր արդիական ենթակառույցների ստեղծման աշխատանքները, որոնք հավասարապես ծառայելու են ուսումնական և երկրում ոլորտի զարգացման նպատակներին։ Համալսարանի մասնաշենքերից մեկում (Արեշի մասնաշենք) հիմնադրվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը: Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն, որը կնպաստի կարողությունների ձևավորմանը` միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը:
Գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ՀԱԱՀ կրթական համակարգում ներդրվեց անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում և նոր մոտեցում՝ բիոէթիկական կրթություն: Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի կազմում կան երեք հիմնական բաժիններ` անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, անասնաբուժական ժամանակակից կլինիկա, ուսումնական լսարաններ:
Գերազանցության կենտրոնը հնարավորություն է ստեղծել բարձրացնելու պատրաստվող կադրերի մրցունակությունը, իրականացնելու գիտական արդիական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցելու ֆերմերներին և գործող անասնաբույժներին: Այստեղ ուսանողները զարգացնում են իրենց գործնական հմտությունները։
Ծրագրի թիրախային խմբերն են՝ ֆակուլտետի և քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրանտները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, անասնաբույժները, սննդամթերքի անվտանգության մասնագետները, կենդանիների հիվանդությունների հետազոտմամբ և կանխարգելմամբ զբաղվող տեղական կառույցների ներկայացուցիչները:

Անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոնն այսօր արդեն դարձել է ոլորտում ներգրավված տարբեր կենտրոններին և առանձին մասնագետներին միավորող յուրահատուկ կառույց, որի կողմից ոլորտի հիմնախնդիրների վերհանումն ու իրականացվող ծրագրերի գնահատումն արդեն իսկ որակական այլ բովանդակություն է ստացել, ինչի արդյունքում նկատելի նվազում են կենդանիների վարակիչ հիվանդությունների դեպքերը, բարելավվում կենսաբանական վտանգների վերահսկման մեխանիզմները, հնարավորինս արագանում է ազգաբնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովման հիմնախնդրի լուծումը: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են հատուկ վերապատրաստման դասընթացներ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար: Ծրագրի շրջանակում ստեղծված անասնաբուժական կլինիկական արդեն իսկ դարձել է նորագույն սարքավորումներով, սիմուլյացիոն մուլյաժներով, էլեկտրոնային կրթական ծրագրերով հագեցված և հմուտ աշխատակիցներ ունեցող գերազանցության կենտրոն, որն ունի գործունեության կրթական, հետազոտական և խորհրդատվական բաղադրիչներ:
Այսօր ֆակուլտետում իրականացվում են մի շարք ծրագրեր՝ արտերկրում առարկայական խորը գիտելիքներ և արտադրական պրակտիկաների միջոցով մասնագիտական փորձ ձեռք բերելու համար: Կազմակերպվում են նաև մասնագիտական բաց դասեր, սեմինարներ, հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ: Ֆակուլտետը նաև ակտիվ կերպով մասնակցում է ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող տարբեր՝ սպորտային, մշակութային, ինտելեկտուալ և այլ միջոցառումներին, որոնց շրջանակներում ունի բազմաթիվ ձեռքբերումներ և նվաճումներ:
Յուրաքանչյուր մասնագետի համար կայուն աշխատանքի և մասնագիտական աճի երաշխիքը շարունակական պրոֆեսիոնալ զարգացումն է: Այդ պատճառով ֆակուլտետում իրականացվում են կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստումներն իրականացվում են նախապես կազմված և հաստատված ծրագրերին ու ժամանակացույցին համապատասխան: Ծրագրերը միտված են նպաստելու գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանըˋ գործնականորեն կիրառելով նորարարական մոտեցումներ և ստեղծելով արդի շուկայի պահանջներին համապատասխան գործնական կրթական համակարգ անասնաբուժության, անասնաբուծության, սննդի անվտանգության և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:
Ֆակուլտետին կից գործում է անասնաբուժական կլինիկական լաբորատորիան, որն ակտիվորեն մասնակցում է առկա և հեռակա բակալավրում, մագիստրատուրայում, քոլեջում սովորող ուսանողների արտադրական պրակտիկաների լիարժեք անցկացմանը: Հատկանշական է նաև, որ ֆակուլտետի ամբիոնների գիտնականներն առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում արտադրության աշխատողների վերապատրաստման, խորհրդատվությունների կազմակերպման ուղղությամբ և նպաստում գիտության նորագույն նվաճումների ներդրմանն արտադրությունում՝ դրանով իսկ ապահովելով կրթության շարունակականությունը:
Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատանքի են անցնում հանրապետության պետական և ոչ պետական մի շարք կազմակերպություններում և ձեռնարկություններում` շուկաներում, կաթի գործարաններում, մսի արտադրամասերում, լաբորատորիաներում, հանրապետության տարբեր համայնքների ֆերմերային տնտեսություններում, մաքսային ծառայություններում, սահմանապահ զորքերում, անվտանգության և ներքին գործերի մի շարք ստորաբաժանումներում, ինչպես նաև համապատասխան նախարարություններում:
2019 թ. փետրվարից Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը ղեկավարում է անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արևիկ Յուրիի Աբովյանը:

գործավար

Նիկիշաևա Նունե

(+374 91) 915094, ներքին` 2-34
[email protected]

գործավար

Բաբեյան Լուսինե

(+374 12) 525956, ներքին` 2-34
[email protected]

Մասնագիտութուններ

Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյուն 19, 5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ,
  • (+374 12) 52 59 56, ներքին` 2-34
  • [email protected]

Ֆակուլտետի պատմությունը

1928 թվականի հունիսի 28-ին, Համկ(բ)կ Անդրկովկասի ԵրԿԿոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ: Նույն թվականի հուլիսի 12-ին իր աշխատանքներն սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը: Սեպտեմբերի 18-ին տրվել է ինստիտուտի առաջին հրամանը, որի համաձայն տնօրեն է նշանակվել պրոֆեսոր Բորիս Գրիգորի Մոսինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացել է ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ քաղաքական և կուսակցական ղեկավարներ` Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ: Հանդիսավոր նիստում հրատարակվեց Համկ(բ)կ Անդրկովկասի ԵրԿԿոմի որոշումը` անասնաբուժական ինստիտուտը Անդրֆեդերացիայի անվամբ կոչելու մասին: Ակադեմիկոս Ա. Թամանյանի նախագծով 1928թ. դրվեց ինստիտուտի գլխավոր մասնաշենքի հիմքը:
1930 թվականին Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի հիման վրա հիմնադրվում է անդրկովկասյան անասնաբուծական ինստիտուտը: Մեկ տարի անց` 1931 թվականի հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում երկու ինստիտուտների (անասնաբուժական, անասնաբուծական) բազայի վրա ստեղծել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը 1932 թվականին վերանվանվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի:
Անասնաբուժական ֆակուլտետի հիմնադիր դեկանը պրոֆեսոր Բ.Ն.Միխայլովն էր, որի սկսած պատասխանատու գործը արժանապատվորեն շարունակել են պրոֆեսորներ Գ.Ա.Շաքարյանը, Ե.Վ.Կադիլովը, Հ.Գ. Ստեփանյանը, Ֆ.Ա.Միխայլովը, Հ.Բ.Բոյախչյանը, դոցենտներ Օ.Գ.Տեր-Հովհաննիսովան, Հ.Մ.Աղաջանյանը, պրոֆ. Ա.Հ.Մանասյանը, դոց. Բ.Լ.Մկրտչյանը, պրոֆ. Գ.Ս.Գրիգորյանը, դոց. Բ.Դ.Հարությունյանը, պրոֆ. Վ.Վ.Աբրահամյանը, պրոֆ. Յու.Հ.Աբովյանը, պրոֆ. Ա.Վ.Վարդանյանը: Ֆակուլտետի 1-ին շրջանավարտները ավարտել են 1932թ., թվով 94 անասնաբույժներ:
Սկսած 1933 թ-ից ֆակուլտետի կոլեկտիվը և նրա գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը, մինչև այժմ մեծ ավանդ են ներդրել գիտական աստիճաններ ունեցող, որակյալ ու շնորհալի գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում: Շնորհիվ ֆակուլտետում եղած գիտական բարձրորակ կադրերի 1935թ. ֆակուլտետում գործել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի, իսկ 1944թ.` գիտությունների դոկտորի աստիճան շնորհող գիտական խորհուրդ:
Ֆակուլտետի դասախոսական կազմը օժտված է գիտական մեծ ներուժով, որոնց ուժերով և գիտական ներդրումներով հանրապետության անասնապահությունը լուրջ առաջընթաց է ունեցել 1930-1990 թվականներին: Նպատակասլաց աշխատանքների արդյունքում հանրապետությունում ստեղծվել են գյուղատնտեսական կենդանիների բարձր կենսաբանական և մթերատու հատկություններով օժտված ցեղեր, տիպեր, գծեր, որոնց գենոֆոնդի պահպանումը և կատարելագործումը ներկա և ապագա սերունդների խնդիրն է:
Ֆակուլտետի պատմության ընթացքում դասախոսների շատ սերունդներ են եկել անցել, որոնց հուշերը, գործունեությունը և արգասաբեր աշխատանքը գնահատվում և մեծարվում է համալսարանի կողմից․ մշտապես նշվում են արժանի երախտավորների նշանավոր տարելիցները՝ սահմանելով նրանց անունով անվանական կրթաթոշակներ, անվանակոչելով ամբիոններ, լսարաններ, լաբորատորիաներ և այլն:
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ներկայիս ֆակուլտետի կոլեկտիվը պատմական անցումային այս շրջանում շարունակում է իր շնորհաշատ նախորդ սերունդների շնորհակալ գործը, իրականացնում գիտական բարեփոխումներ, որոնք պայմանավորված են ժամանակի հրամայականով և միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու առաքելությամբ: