Excel. տեսությունն ու փորձը՝ հավասարապես կարեւոր եւ միատեղ

Ժամանակակից կյանքն ու տեխնոլոգիաները պարզապես հնարավորություն չեն թողնում, որ մարդն ապրի ունեցած գիտելիքներով ինքնաբավ, ինքնագոհ դոփի տեղում: Անհնար է: Գիտե՞ս համակարգչային որեւէ ծրագիր, ուրեմն ամիսներ անց պետք է լավարկես հենց այդ ոլորտից գիտելիքներդ: Հետո՝ էլի, էլի, նույնը՝ անվերջ, անդադար:

Երեք շաբաթ առաջ մեր գործընկերների համար մեկնարկեց Excel ծրագրի իմացության բարձրացման դասընթացը (չորս շաբաթ տեւողությամբ, շաբաթը երեք պարապմունք), որը վարում են Տվյալագիտության ամբիոնի փորձառու դասախոս Դոնարա Մանուչարյանը, դոցենտներ Արմինե Սմբատյանը, Մանուշակ Գրիգորյանը, Սուրեն Կոսեմյանը:

Տեսնել էր պետք, թե ինչ հետաքրքրված էր լսարանը (անգամ նրանք, որ ավանդաբար-հետեւողականորեն որեւէ ջանք չեն թափել ինքնակատարելագործման համար):

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Հարաբերական հասցեավորում» թեմայի տեսական մասը ներկայացնելուց հետո դոցենտ Կոսեմյանը գործնական առաջադրանքներ տվեց.

– Ո՞վ օգնության կարիք ունի, ո՞ւմ մոտենամ,- հարցնում է դասախոսը:

– Հերթով՝ բոլորիիիիս,- համերաշխ բացականչում են մասնակիցները, բայց ինքնուրույն որոնում-փորձում-գտնում են լուծման ուղիները:

Սա ճիշտ ընթացք է: Ավելի ճիշտ՝ սա է ճիշտ ընթացքը: Եւ կեցցեն բոլորը:

Հավելենք, որ մեր գործընկերները ամռանն էլ պարապի չէին մատնվել: Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (Armenia Workforce Development Activity) շրջանակում իրականացվեց տվյալների բազա կազմելու, մշակելու հմտությունների բարելավմանը ուղղված դասընթաց, որը վարել է Դոնարա Մանուչարյանը: