Երիտասարդների ստեղծարար ներուժը պետք է գրագետ հունով ընթանա

Երեկ՝ մարտի 14-ին, ուսանողների հաջողության կենտրոնում քոլեջի եւ բակալավրիատի տնտեսագիտական մասնագիտությունների սաները հանդիպեցին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի թիմի ներկայացուցիչներ Անահիտ Մարդոյանի եւ Լիլիթ Հակոբյանի հետ, որոնք հանգամանորեն ներկայացրին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը: Այն մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին եւ կավարտվի 2026-ի տարեվերջին: Իրականացվում է Եւրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» եւ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ների (Չեխիա) համագործակցությամբ:

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից: Կտեւի շուրջ հինգ ամիս:

Թեեւ այս ամենի մասին մանրամասն լուսաբանող առցանց հարթակ կա, որտեղից կարելի է ստանալ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, բայց թիմը կարեւորում է նաեւ ուղիղ շփումը երիտասարդների հետ եւ թերեւս ճիշտ մոտեցում է:

Ծրագիրը լավ հնարավորություն է հանրային ֆինանսների ասպարեզում գիտելիքները խորացնել- ամրապնդելու տեսակետից, իսկ բոլոր փուլերը բարձր արդյունքներով հաղթահարած 12 երիտասարդի հետ մեկ տարով կկնքվեն աշխատանքային պայմանագրեր: