Էրազմուս+․ փոքր պատմություն մեծ ճամփորդությունից

Ես Արմանն եմ, 22 տարեկան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող։ Ուզում եմ կարճ պատմել Էրազմուս+ ծրագրի շրջանակում իմ անցկացրած 4 ամիսների մասին, որն ինձ հնարավորություն տվեց ուսումս շարունակել Պորտուգալիայում գտնվող Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում: Անշուշտ, դա իմ կյանքի լավագույն հատվածներից մեկն էր։ Պորտուգալիան հնագույն պետություններից է, որը հայտնի է ամրոցներով, գինիներով, բավականին տաք եղանակով եւ իհարկե չքնաղ օվկիանոսով:

Բեժայում ինձ շատ ջերմ ընդունեցին ապագա ընկերներս, ամեն մեկը յուրովի հոգատար էր եւ սիրալիր։ Համալսարանում մասնակցեցի ուսումնական շրջանի բացման արարողությանը, որի ավարտին հանդիպեցի դասախոսների հետ, որոնց, ի դեպ, արդեն ծանոթ էի, երբ նրանք Հայաստան՝ Ագրարային համալսարան էին ժամանել: Դասերը Բեժայի համալսարանում անցկացվում են երկու փուլով՝ տեսական եւ գործնական։ Որոշ առարկաների դեպքում ամեն օր հաճախելու փոխարեն, սովորում էինք դասախոսի տրամադրված նյութերը, հանդիպում շաբաթական մի քանի անգամ եւ քննարկում առաջացած հարցերը։ Շաբաթական մեկ անգամ այցելում էինք համալսարանից ոչ հեռու գտնվող այգի եւ ջերմատուն, որտեղ տարբեր մշակաբույսերի վրա փորձեր էինք կատարում: Համալսարանն ունի տարբեր մարզաձեւերի խմբակներ, որոնց հեշտությամբ կարելի էր անդամագրվել: Պորտուգալերենը պարտադիր առարկա է, որը պետք է ներառված լիներ մեր ընտրած առարկաների ցանկում․ սա իրականում առավելություն էր, քանի որ տեղացիները լավ չէին տիրապետում անգլերենին: Դասախոսները բավականին սիրալիր եւ անմիջական էին՝ շատ կարեւոր հանգամանք, որն օգնում էր տարբեր հարցերում ազատ լինել եւ չկաշկանդվել:

Բեժա քաղաքը, որն անվանեցի «լռության քաղաք», բավականին փոքր է եւ մի քանի օրում կարելի է ծանոթանալ ամբողջությամբ: Աղմուկը Բեժայում «ապահովում» էինք մենք՝ էրազմուսի ուսանողներս: Տեղացիները նախընտրում են քնել հնարավորինս շուտ, այդ իսկ պատճառով երեկոյան ժամը 8-ից հետո քաղաքը դառնում էր ոչ մարդաշատ։ Հեծանիվ վարել սիրողների համար սա հիանալի հնարավորություն էր վայելելու քաղաքի դատարկ փողոցները՝ համալսարանի տրամադրած հեծանիվներով:

Քանի որ ես ապրում էի կյանքով լի բրազիլացիների հետ, օրերն անցնում էին յուրօրինակ եւ ուրախ: Մեր բնակարանը ամենահյուրընկալներից էր եւ երեկոյան ժամերին միշտ մարդաշատ էր։ Ազատ օրերը երբեմն անցկացնում էինք մայրաքաղաք Լիսաբոնում, երբեմն էլ գնում էինք երկրի հարավում գտնվող լողափը: Բոլորս դարձել էինք մի մեծ ընտանիք եւ գրեթե ամեն օր գտնում էինք նոր զբաղմունքներ: Կարելի է ասել՝ կյանքը եռում էր: Իսկ վերջին մի քանի օրը որոշեցինք անցկացնել Հռոմում, որը իմ ճամփորդության ամենատպավորիչ պահերից էր:

Իմ խորհուրդը բոլոր ուսանողներին՝ որ չնայեն թվացյալ դժվարություններին, այլ փորձեն դիմել տարբեր ծրագրերի, որով ուղակիորեն կբացահայտեն աշխարհը եւ իրենց, կստանան բարձրակարգ եւ առաջադեմ կրթություն, ձեռք կբերեն մի շարք հմտություններ, կապեր եւ ընկերներ աշխարհի մի շարք երկրներում:

Արման Ավետիսյան

Ագրոնոմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող