Բնապահպանություն. Կապուտաչյա Սեւանը… կանաչած

Վերջին տարիներին մեր գեղեցկուհին՝ Սեւանը ծաղկում է: Ցավալի մի իրողություն-գործընթաց-պատկեր, որը բազում գործոնների, այդ թվում մարդու աղետալի-անշրջահայաց գործունեության հետեւանք է: Հին ավանդույթ է՝ մենք հեշտությամբ բնապահպանական խնդիրներ ենք ստեղծում եւ խիզախորեն լծվում ենք դրանք լուծելու դժվարին գործին:

Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մշտադիտարկման ծրագրով նախատեսված են նաեւ ուսումնասիրություններ Սեւանա լճի ավազանում: Հայաստանի ամերիկյան համալսարանում ամփոփվել են մրցույթի արդյունքները, որտեղ պատշաճ ու արժանավոր կերպով ներկայացված էին նաեւ մեր սաները:

Ագրարայինի բակալավրիատի ուսանողներից եւ մագիստրանտներից կազմված EcoFuture թիմը եղել է հիմնական մրցակիցը հաղթողների: Ինչպես ասաց թիմի անդամներից Սուսաննա Խաչատրյանը, «հիմնական գաղափարը  եղել է Սեւանա լճի մաքրումը օրգանական թափոններից եւ դրա վերամշակումից կենսագազ ստանալը»։

Մերոնք խրախուսանքի են արժանացել, իսկ այս փորձառությունն անշուշտ ավելի մեծ ու հավակնոտ ծրագրերի հիմք կարող է հանդիսանալ:

Արժե թերեւս հիշել մեր գործընկեր, դոցենտ Սամվել Թամոյանի համոզմունք-պնդումը, թե Սեւանա լճի ծաղկման պատճառներն ու հետեւանքները հայտնի են, անհրաժեշտ է ընդամենը միջոցները խիստ նպատակային-թիրախային ծախսել: