Ավարտվեց ամառային 2-րդ դպրոցը Ագրոճամբարում

Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ից, երեկ ավարտեց 2-րդ ամառային ճամբարը ՀԱԱՀ Աղավնաձորի Զարթոնք հանգստյան տան ագրոճամբարում։ Խումբը բաղկացած էր հայաստանյան բուհերի երկու տասնյակ ուսանողներից:

Ճամբարականների հնգօրյա հերթափոխն անցավ արտակարգ հետաքրքրությամբ՝ հարակայուն, կանաչ, օրգանական եւ կլիմայախելամիտ գյուղատնտեսության վերաբերյալ խիստ օգտակար դասընթացներով, բուռն քննարկումներով, երեկոյան խարույկներով ու ստեղծագործական խաղերով։ Տարբեր թեմաների շուրջ քննարկումներից բացի երիտասարդները փորձում էին զարգացնել տվյալ թեմայի վերաբերյալ սեփական բիզնես գաղափարներն ու ներկայացնում էին իրենց բիզնես մոդելը։

Ճամբարականներն առիթ ունեցան յուրացնել գյուղատնտեսական ԱԹՍ-ների կիրառական նշանակությունը եւ անձամբ օդ բարձրացնել ագրոդրոնը։ Սովորեցին թիմ ձեւավորել, ձեւավորեցին այդ թիմը եւ իմացան՝ ինչպես հաջողել թիմային աշխատանքում։ Սովորեցին սննդի կորուստները տարբերել սննդի թափոններից, իմացան դրանց նվազեցման ուղիները։ Կոմպոստի եռախցիկ արկղ եւ կոմպոստ պատրաստեցին ու կենսագազ ստանալ սովորեցին։ Իմացան՝ ինչ բան է շրջանաձեւ տնտեսությունը եւ թե ինչպես կարելի է այդպիսի տնտեսության պայմաններում հարակայուն ձեւով կառավարել, օրինակ, գոմաղբը։ Ձեռք բերեցին բազում այլ հմտություններ։ Այս ամենը ուսանողները ձեռք բերեցին ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հրավիրած մասնագետների օգնությամբ եւ նվիրված աշխատանքով։

Գիտելիքի եւ տեղեկությունների, հմտությունների եւ հանդիպումների, ծանոթությունների եւ լավատեսության անմոռանալի օրերը հաճելի եւ օգտակար փոփոխություն մտցրեցին երիտասարդների կյանքում։