Ագրոնոմիական ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի հեռակա համակարգի ավարտական կուրսերը պաշտպանեցին ավարտաճառերը։
Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա կրթական ծրագրերի ավարտական կուրսից է Դավիթ Հարությունյանը, որի խոսքերն էլ վերտառություն դարձրինք:
-Իմ ագարակում ամեն ինչ աճեցնում էի, բացի խաղողից, ուստի վերցրեցի այս թեման, որ լավ ուսումնասիրելու հնարավորություն ունենամ,- ասում է Դավիթը, որի պատասխանը հստակ է, բանիմաց մարդու վստահությամբ, որը ակնհայտորեն սեփական ձեռքերով է իրականացրել բոլոր փորձերն ու դիտարկումները:
Այս կուրսում շատերն էին հաջողությամբ համատեղել կրթությունն ու գործնական – կիրառական աշխատանքը: Հանձնաժողովի նախագահ, գ.գ.թ. Վարդան Թոռչյանի հարցերն էլ հստակ են՝ ճամարտակելու-դատարկաբանելու տեղ չթողնող, գիտես՝ կպատասխանես.
-Դաշտի մեջ ո՞նց ես որոշել, թե փոսը որտեղ փորես: Ի՞նչ խորությամբ:
-Անալիզները հենց համալսարանում ես արե՞լ:
-Եթե pH-ը ունես, ինչ կարելի է մշակել այդ հողում:
Եւ պարոն Թոռչյանի ընդհանուր գնահատականն էլ բարձր էր.
-Լավ, կիրառական փորձ ունեն շատերը: Մարդիկ են, որ մեծ ընկերություններում են աշխատում եւ գիտակ են: Խնդիրներ տեսնում եմ միայն որոշ թեմաների հետ կապված:
Մի հաճելի նորություն՝ ուսանողները լսարանը հարդարել էին իրենց աճեցրած բույսերի թաղարներով, որոնք աչք էին շոյում եւ մեկ անգամ եւս հիշեցնում Խրիմյան Հայրիկի խոսքերի ճշմարտացիությունը, թե բոլոր արվեստների մայրը երկրագործությունն է: