Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը վերջերս իրականացրել է ՀԱԱՀ 2018-2021 թթ․ շրջանավարտների եւ ուսանողների զբաղվածության վերաբերյալ վերլուծություն՝ ներկայացուցչական հարցման հիման վրա։
Հետազոտությունը բավականին հետաքրքիր, ընդհանուր առմամբ՝ ոչ անսպասելի պատկեր է ի հայտ բերել։ Հարցվածներից 311-ն աշխատում է մասնագիտությամբ, 322-ը՝ ոչ մասնագիտությամբ, իսկ 206-ը՝ չի աշխատում։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, որը գիտխորհրդի վերջին նիստում հանրայնացրեց վերլուծությունը, մտահոգիչ համարեց ոչ մասնագիտական զբաղվածության խնդիրը։ Նշեց, սակայն, որ ԿԶՇԿ բաժինը լուծումը մեծապես կապում է աշխատանքային կիսամյակների նոր գործելակերպի հետ, որը ներդրվել է այս ուսումնական տարի։ Այն նոր խոսք եւ, ինչպես նշեց տիկին Վարդանյանը՝ կարեւոր ներդրում է երկրի բարձրագույն կրթության համակարգում, որն առաջին իսկ տարում հստակ հաջողություններ է գրանցել։
Վերլուծությունն ընդգրկում է նաեւ հեռակա ուսուցման համակարգը․ առկա ուսուցման համակարգն առանձին վերցրած «առավելություն» ունի այն առումով, որ առկայի ուսանողների շրջանում ավելի քիչ տոկոս է կազմում ոչ մասնագիտական աշխատանքով զբաղվածների թիվը։
«Սովորելու ընթացքում աշխատե՞լ եք» հարցին 2019-2021 թթ․ շրջանավարտներից հեռակա համակարգում սովորածների 84,1, իսկ առկայի՝ 73,4 տոկոսը դրական պատասխան է տվել։
Փորձուսուցման ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ է ստացել հարցված ուսանողների շուրջ 40, իսկ մասնակիորեն վարձատրվել է շուրջ 10 տոկոսը։ Հատկանշական է, որ վճարովի փորձուսուցում իրականացվել է մասնավոր հատվածում։ Պետական կառույցներում անցկացված աշխատանքային կիսամյակը, համապատասխան բյուջեի բացակայության բերումով, չի վարձատրվել, սակայն դա չի խանգարել, որ այդ կառույցների պատասխանատուները իրենց գոհունակությունն ու բավարարվածությունն արտահայտեն մեր ուսանողների՝ որպես փորձնակների, աշխատանքից, եւ որոշ դեպքերում դիտարկեն որպես իրենց ապագա կադրեր։ Առաջիկայում համալսարանը հետամուտ կլինի, որ բոլոր ուսանողները վարձատրվեն փորձուսուցման ընթացքում, առնվազն՝ մասնակիորեն (օրինակ՝ փոխադրման եւ սննդի ծախսերի փոխհատուցման տեսքով, որի դրական փորձն էլ արդեն կա)։
Աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցման առավելությունների մասին է վկայում նաեւ փորձուսուցումից ուսանողների բավարարվածության բարձր մակարդակը։ Իսկ հենց փորձուսուցման ընթացքում աշխատանք ստացած ուսանողների աննախադեպ բարձր տոկոսը եւս մեկ կռվան է նորարարական այս գործելակերպի օգտին։
Մեկ ամիս անց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը մտադիր է ուսանողների շրջանում անցկացնել եւս մեկ հարցում՝ առավել հստակ եւ օբյեկտիվ պատկեր ստանալու եւ հետագա աշխատանքային կիսամյակների կազմակերպման համար։
Աշխատանքային կիսամյակի գործելակերպի ներդրման արդյունքները, մեղմ ասած, բավարար են։ Սա հաջողված փորձ էր, որ զարգացնելու ենք առաջիկա տարիներին։ Այն դրական արձագանքի է արժանանում նաեւ համալսարանի հետ դեռեւս «պաշտոնական» գործընկերային հարաբերություններ չունեցող գործատուների շրջանում։ Ունենք օրինակներ, երբ ոլորտում հայտնի ագրոձեռնարկությունները դիմում են համալսարանին՝ պայմանագրային հարաբերություններ հաստատելու եւ իրենց մոտ աշխատանքային կիսամյակներ անցկացնելու նպատակով։