Անտառային դաշինքը փորձում է միավորել ոլորտի պետական, մասնավոր եւ ՀԿ շրջանակներին

Դեկտեմբերի 13-ին ՀԱԱՀ-ում կայացավ Հայաստանի անտառային դաշինքի կլոր սեղանը՝ նվիրված Հայաստանում անտառների պահպանությանը եւ ընդարձակմանը։ Մասնակիցների թում էին ՀՀ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, Անտառային դաշինքի համահիմնադիր կազմակերպությունների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ ՀԱԱՀ-ի (որ ներկայացված էր Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մասնագետներով), ներկայացուցիչներ ՀԿ եւ միջազգային կառույցներից։

Թեման, հասկանալի պատճառներով, ավելի քան հրատապ էր, քննարկումը, որ վարում էր ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, շահագրգիռ էր, անտառվերականգնման եւ անտառտնկման վերաբերյալ մասնագիտական կարծիքներն ու այս գործում որակական եւ քանակական առաջընթացի հասնելու պատկերացումները՝ բազմազան։ Այդ ամբողջ բազմազանության մեջ, սակայն, ակնհայտ էր միասին աշխատելու, պետություն-հկ, համայնք-կրթական համակարգ համագործակցությունն ավելի գործնական փուլ/հարթակ փոխադրելու հաստատակամությունը։

Պարոն Ամիրխանյանը նշեց, որ մեկ տարի առաջ ստեղծված դաշինքի այս՝ 3-րդ քննարկման հիմնական նպատակն է վեր հանել այն ընդհանուր խնդիրները եւ դրանց լուծումները, որոնք թույլ կտան պետական, համայնքային եւ մասնավոր անտառածածկ տարածքները հաջողությամբ կառավարել մեկ համակարգի մեջ։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, բաժանելով ներկաների մտահոգություններն ու ցանկությունները, ներկայացրեց անտառվերականգնման եւ անտառտնկման նախանշված բնագծերին հասնելու իրական եւ իրատեսական պայմաններն ու հնարավորությունները՝ հողերի կարգավիճակի փոփոխություններից մինչեւ անտառտնկում, էկոհամակարգերի պահպանումից մինչեւ համայնքային պահպանում։ Պարոն Կիրակոսյանը տեղեկացրեց, որ վերականգնման ու տնկման նպատակով նախատեսված 20 հազար հա տարածքը նախատեսվում է անտառածածկ դարձնել վեց տարում։ Ավելին անելու համար կոմիտեն բոլոր շահակիցներից ակնկալում է փոխօգնության ավելի ընդգրկուն ծավալ եւ որակ։

Դաշինքի մոտեցումներին սատարելու պատրաստակամության, գործնական կոնկրետ առաջարկների կողքին եղան նաեւ որոշ հոռետեսական գնահատականներ, ի պատասխան որոնց՝ մասնավորապես Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, կենս․ գիտ․ թեկնածու Արթուր Ալավերդյանն առաջարկեց բավարար անտառապատ Հայաստանի տեսլականի անհնարինությունը շեփորահարելու փոխարեն, պարզապես կատարել գործնական եւ հետեւողական դաշտային աշխատանք համայնքների ու մասնավոր հատվածի հետ՝ գույքագրելով հետագա քայլերին անցնելու համար անհրաժեշտ պայմանները։

Նախանշված անելիքների մեջ կարեւոր համարվեց նաեւ անտառների ազգային հաշվառումը։

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ունի մինչեւ 2050 թ․ կրկնապատկել անտառային ծածկույթը։ Անտառային դաշինքի կազմում Ագրարային համալսարանին՝ իր կրթական, գիտական եւ խորհրդատվական ռեսուրսով, առանձնահատուկ դեր է վերապահված ազգային եւ համաշխարհային կարեւորության այս խնդրի լուծման գործում։