Վեցը կմեկնեն Գերմանիա՝ փորձուսուցման եւ ուսումը շարունակելու

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտներից եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 2019թ. շրջանավարտներից բաղկացած խումբը հունիսի 28-ին կմեկնի Գերմանիա՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (ՎԿԳՀ) արտադրական փորձուսուցում անցնելու, հետագայում էլ ուսումն այնտեղ շարունակելու համար:

Վեց հոգուց բաղկացած խումբը ընտրվել է փետրվար ամսին կայացած քննության միջոցով, որին մասնակցում էին «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի 5 մագիստրանտներ եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 8 շրջանավարտներ: Քննությունն անցկացնում էր ՎԿԳՀ-ի պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը:

Փորձուսուցման ու ուսման այս լավագույն հնարավորությունը տալիս է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագիրը: ՎԿԳՀ-ի հետ երկարամյա գործակցությունը անցյալ տարվա նոյեմբերին նշանավորվեց կրկնակի դիպլոմ տրամադրելու վերաբերյալ այդ համալսարանի նախագահ Էրիկ Վույեի եւ ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ստորագրած հուշագրով:

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի անձնակազմն ուրախ է Ագրարայինից լավագույնների հերթական փաղանգը բարեկամ համալսարան գործուղելու համար: «Սրտանց շնորհավորում ենք մեր 6 հաջողակներին եւ մաղթում նրանց հաջողություններ հետագա ուսման մեջ եւ անձնական կյանքում», – ասում է ծրագրի ղեկավար ԱՆի Պետրոսյանը: